Եգիպտոսից դեպի Իսրայել եւ Հորդանան ձգվող գազատարի հատվածներից մեկում մի քանի ժամ առաջ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով ոչ ոք չի տուժել:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով Եգիպտոսի իրավապահ մարմիններին, գազատարը պայթել է Ալ-Արիշ քաղաքից 80 կմ հեռավորության վրա, Իսրայելի սահմանին մոտ:

Ավտոմատներով զինված դիվերսանտները գազամուղի այդ հատվածին են մոտեցել ոչ մեծ բեռնատարով, զինաթափել են անվտանգության աշխատակիցներին եւ պայթեցրել գազամուղը:

Թե ով է կանգնած այս գործողության հետեւում, դեռ անհայտ է: Պարզ չէ նաեւ, թե ինչպես դա կազդի գազի մատակարարումների վրա: Հենց այդ գազատարով է Իսրայել հասնում այ երկրի կողմից օգտագործվող գազի 45 տոկոսը:

Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի առավոտյան Եգիպտոսից դեպի Իսրայել եւ Հորդանան ձգվող գազատարի հատվածներից մեկում պայթյուն է որոտացել: Այս տարվա փետրվարից սկսած սա արդեն այդ գազատարի 3-րդ պայթեցումն է: Երբ փետրվարին առաջին անգամ պայթեցվեց գազատարը, Եգիպտոսը թույլ տվեց Իսրայելին թերակղզի մտցնել իր սորքերը` գազատարի անվտանգությունն ապահովելու համար: