Կոտայքի մարզի Գեղադիր գյուղում երկու մարդու մահվան պատճառ դարձած վրաերթի հեղինակը ձերբակալվել է:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 3-ին ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքի քննիչ Արգիշտի Հարությունյանի որոշմամբ, ձերբակալվել է վրաերթ կատարողը` Հովիկ Ռաֆայելյանը: Նա տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի մարզի ձերբակալվածների պահման վայր:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը հուլիսի 3-ին ժամը 01:15-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել էին, որ վրաերթի հետեւանքով իրենց մոտ են տեղափոխվել Կոտայքի մարզի Գեղադիր գյուղի բնակիչներ 47-ամյա Հոկավկիմ Գրիգորյանի եւ 35-ամյա Համլետ Գրիգորյանի դիակները, ինչպես նաեւ նույն գյուղի բնակիչ 35-ամյա Սեւակ Կարապետյանը` մարմնական վնասվածքներով:

Գյուղ մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է որ նույն օրը ժամը 01:00-ի սահմաններում Գեղադիր գյուղի միջնամասում «Մերսեդես Բենց-E-320» մակնիշի 70 ՕՕ 088 համարանիշի ավտոմեքենայի վարորդը ընթանալով դեպի Երեւան, դուրս էր եկել երթեւեկելի գոտուց, վրաերթի ենթարկել նշված անձանց, այնուհետեւ բախվել ճանապարհին կայանված «ՎԱԶ-2109» մակնիշի 09 ՕՍ 544 համարանիշի ավտոմեքենային:

Վարորդը «Մերսեդեսը» թողնելով դեպքի վայրում դիմել էր փախուստի:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնի  քննչական բաժանմունքում քննիչ Արգիշտի Պետրոսյանի կողմից հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում, որն անզգուշությամբ առաջացրել է 2 կամ ավելի մարդու մահ):

Ձեռնարկված օպերատիվ քննչական եւ բացատրական աշխատանքների արդյունքում առավոտյան ոստիկանության Կոտայքի բաժին ինքնակամ ներկայացել է 31-ամյա Հովիկ Ռաֆայելյանը: Նա խոստովանել է, որ վրաերթն ինքն է կատարել:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի