Անցյալ շաբաթ Հայաստանի արժութային շուկայում իրականացվել են արտարժույթի առուվաճառքի ռեկորդային գործարքներ; Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի հաղորդագրության` հունիսի 27-հուլիսի 1 ժամանակահատվածում փոխանակման կետերի եւ մասնաճյուղերի միջոցով առեւտրային բակերը բնակչությունից գնել են մոտ 100 մլն դոլար եւ վաճառել 104.5 մլն դոլար: 2011 թ. սա շաբաթական կտրվածքով գործարքների ամենամեծ ծավալն է; Ընդ որում` սա հաշվի չի անում այն փոխանակման կետերի գործունեությունը, որոնք բանկային ենթակայություն չունեն: Թերեւս սրանով կարելի է բացատրել այն հանգամանքը, որ թեեւ արտարժույթի առաջարկը սովորականի նման գերազանցում է պահանջարկին, դոլարը շարունակել է կտրուկ արժեզրկվել:
Վերջին շաբաթների ընթացքում ավելացել է պահանջարկը դոլարային վարկերի նկատմամբ: Հունիսի 20-26 ժամանակկահատվածում դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 48.7 մլն դոլար` սա 2011 թ. ամենաբարձր մակարդակներից մեկն է: Սա խոսում է այն մասին, որ հայկական գործարար շրջանակներում երկարաժամկետ կտրվածքով դոլարը դիտվում է որպես ավելի կայուն ու հուսալի ակտիվ, քան հայկական դրամը: Այլապես դոլարի արժեզրկման փուլում դոլարային վարկերի նկատմամբ պահաջարկը ընդհակառակը պետք է նվազեր: Դրամային վարկերը կազմել են 24.1 մլրդ դրամ (համարժեք է 65 մլն դոլարին), որը միջին ցուցանիշ է:




























