ԱՄՆ Անկախության օրվա առթիվ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` հուլիսի 4-ին այցելել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն եւ շնորհավորել դեսպանատան աշխատակիցներին՝ Միացյալ Նահանգների անկախության 235-րդ տարեդարձի կապակցությամբ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանն իր խոսքում նշել է, որ ԱՄՆ Անկախության տոնը շատ մեծ նշանակություն է ունեցել եւ այժմ էլ ունի ոչ միայն Միացյալ Նահանգների, այլեւ բոլոր ժողովուրդների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար, քանի որ, ըստ նախագահի, չկա մի ժողովուրդ, ով չի ցանկանում անկախություն եւ ազատություն:
Սերժ Սարգսյանը նաեւ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում ասված է.
«Մեծարգո պարոն նախագահ,
Հայաստանի ժողովրդի եւ անձամբ իմ անունից ամենայն ջերմությամբ շնորհավորում եմ Ամերիկայի Միացյալ Նահանգների Անկախության օրվա առթիվ՝ ի սրտե մաղթելով Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Ամերիկայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն եւ բարօրություն:
235 տարի առաջ Ֆիլադելֆիայում ընդունված Անկախության հռչակագիրը խորհրդանշեց կարեւորագույն հանգրվան ժողովրդավարության, մարդու եւ ժողովուրդների իրավունքների ու արժանապատվության, սեփական ճակատագիրը տնօրինելու ազատության բարձրագույն արժեքների ամրագրման ճանապարհին:
Անգնահատելի է այն շարունակական եւ համակողմանի աջակցությունը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցուցաբերել է Հայաստանին՝ քսանամյակը բոլորող անկախության առաջին տարիներից ի վեր:
Օգտվելով առիթից` շնորհակալություն եմ հայտնում Ձեր վարչակազմին եւ անձամբ Ձեզ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված հետեւողական եւ կառուցողական ջանքերի համար՝ ի նպաստ տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության։
Հայաստանն առանձնահատուկ կարեւորություն է տալիս Միացյալ Նահանգների հետ շարունակվող սերտ գործակցությանն ու գործընկերային ջերմ հարաբերություններին, երկկողմ կապերի վերընթաց զարգացմանը, մեր երկրների ու ժողովուրդների բարեկամության հետագա ամրապնդմանն ու խորացմանը:
Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր հնարավորություններ ստեղծել փոխադարձ հետաքրքրության բոլոր ոլորտներում գործակցության առկա որակական մակարդակը ավելի բարձրացնելու համար:
Ընդունեք խնդրեմ, մեծարգո պարոն նախագահ, խորին հարգանքներիս հավաստիքը»:




























