Ղարաբաղյան հակամարտության լուծման հարցում Մինսկի գործընթացի ձեւաչափի փոփոխություն  հազիվ թե տեղի ունենա: Հուլիսի 4-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը կայացած ձեւաչափ է, կողմերը փոխգործակցությունը տեղի է ունենում դրա շրջանակներում»,- հիշեցրեց քաղաքագետը` ավելացնելով, որ գործընթացի շրջանակներից դուրս հանդիպումները էկզոտիկա են եւ փոխել գոյություն ունեցող ձեւաչափը հիմարություն կլիներ: Ինչ վերաբերում է ԵՄ-ին, ապա այն Իսկանդարյանի խոսքով, փորձում է ավելի ակտիվ լինել Հայաստանի եւ Ադրբեջանի փոխհարաբերություներում, սակայն Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության մասին խոսք չի գնում: «Սա գործընթացում հերթական պղպջակն է, եւ դրա հիմքում Մինսկի գործընթացից ունեցած Ադրբեջանի դժգոհությունն է»,- նկատեց քաղաքագետը` ավելացնելով, որ Բաքուն ի վիճակի չէ փոխել իրավիճակը:

Պատասխանելով ղարաբաղյան կարգավորման հարցում Ռուսաստանի ակտիվ դերակատարության մասին հարցին` Իսկանդարյանը նկատեց, որ Ռուսաստանը դա պատահական չի անում, քանի որ շահեր ունի ինչպես Հայաստանում, այպես էլ Ադրբեջանում: