Ձախ ձեռքի ամպուտացիա ախտորոշմամբ շաբաթ օրը` հուլիսի 2-ին, ժամը 17:10-ի սահմաններում  «Մալաթիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել 21-ամյա Խաչիկ Մինասյանը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ Խաչիկ Մինասյանը հիվանդանոց է տեղափոխվել  «Արմ Սվիթ» հրուշակեղենի եւ պաղպաղակի արտադրական ձեռնարկությունից: Նա այդ ՍՊԸ-ում աշխատում է որպես օպերատոր-կարգավորողի օգնական:

Պարզվել է, որ նույն օրը, ժամը 16:30-ի սահմաններում, նշված ՍՊԸ-ի հրուշակեղենի արտադրամասում աշխատանքի ժամանակ նա ձեռքը մտցրել է խմորհունցի մեջ, որի հետեւանքով նրա ձեռքը կտրվել է: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնում նյութեր են նախապատրաստվում: 

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Մալաթիա» բժշկական կենտրոնի  վերակենդանացման բաժանմունքի վարիչ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ Խաչիկ Մինասյանի վիճակը կայուն է, տրամադրությունը` նորմալ, ապաքինվում է: