Արդեն երկրորդ տարին է, ծիրանը Շիրակի մարզում վաճառվում է անհամեմատ բարձր գներով: Մեկ կգ մրգի շուկայական գինը տատանվում է 300-800 դրամի սահմաններում: Արմավիրի մարզի գյուղերի այգեգործներից կամ, այլ կերպ ասած, առաջին` մշակող ձեռքից ծիրան կարելի է գնել մեկ կգ-ը 300-500 դրամով: Այգեգործները բացատրում են, որ բերքն այս տարի քիչ է ու տուժել է նաեւ կարկուտից:
«Ծիրանի բերքից դժգոհ եմ, ու ավելի շատ գումար աշխատում են վերավաճառողները, քան մենք: Կարկուտը խփեց, բերք չկա այս տարի»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում պատմել է Գեւորգ Սահակյանը, որ Մասիսից է: Նրա խոսքով, արդեն երկրորդ տարին է, էր մեծ քանակությամբ ծիրան է արտահանվում Հայաստանից: Մնում է բերքի հազիվ 50-60 տոկոսը, ինչն էլ բնականաբար չի բավարարում ներքին շուկայի պահանջներին:
Իսկ արմավիրցի այգեգործ Գեւորգ Սահակյանը այս տարի լավ բերք է հավաքել: Նրա խոսքով,մեծ մասամբ տարել են հենց այգուց, բարձր գներով: «Գալիս են, իրենց ձեռքով հավաքում, ապա ընտրում ու տանում են Վրաստան կամ Ռուսաստան, մնացածը բերում եմ Գյումրի կամ Վանաձոր»,-ասել է նա:
Իսկ գյումրեցիները դարձյալ դժգոհում են, որ այս տարի էլ ծիրան չկերան: Հասուն մրգի ամենալավ շրջանը համարվում է հունիսի վերջն ու հուլիսի սկիզբը, սակայն գները չեն իջնում:
«Նորմալ ծիրանի մեկ կգ-ը 400-500 դրամ է: Բանից դուրս է գալիս բանանը, նարինջը ավելի էժան են, քան ծիրանը, որը մերն է: Մեր ծիրանը վրացիներն են ուտում, իսկ մենք գներին ենք նայում»,-դժգոհել է գյումրեցի Վարդան Այվազյանը: Ըստ նրա` պիտի վերահսկել արտահանման ծավալները, որպեսզի չկրկնվի խնձորի նախադեպը: «Եթե տեսնում են քիչ է, ինչո՞ւ են թողնում, որ արտահանեն»,-դժգոհել է նա:




























