Հայաստանի Սահմանադրությունն այսօր, հուլիսի 5-ին դառնում է 16 տարեկան: Ու թեեւ օրն աշխատանքային չէ, սակայն Սահմանադրության օրն ամենալուռ ու աննկատ անցնող պետական տոներից է: Այդպես էր դեռ խորհրդային տարիներից. հոկտեմբերի 7-ին նշվում էր խորհրդային Սահմանադրության օրը, եւ այն նույնպես ամենաուշագրավ ու աղմկոտ տոներից չէր:
Սակայն այսօր չէր խանգարի վերհիշել, թե ինչպես է ընդունվել անկախ Հայաստանի Սահմանադրությունը, առավել եւս, որ 1995թ. հուլիսի 5-ին Սահմանադրության ընդունումը դարձավ երկրի խոշորագույն քաղաքական իրադարձություններից մեկը:
Համազգային հանրաքվեով ընդունված Սահմանադրությունն այն ժամանակ վիթխարի բանավեճերի պատճառ էր: Հայաստանը դարձավ նախագահական-խորհրդարանական հանրապետություն, որտեղ ամբողջ իշխանությունը կենտրոնացվեց մեկ մարդու` երկրի ղեկավարի ձեռքում: Նախագահին Կառավարության հաշվետու լինելը, խորհրդարանը ցրելու անսահմանափակ իրավունքը 1995-ի Սահմանադրության հիմնական սկզբունքներն էին: Այն ժամանակվա բոլոր ընդդիմադիր ուժերը` կոմունիստներից մինչեւ խորհրդային այլախոհներ, ի դեմս Պարույր Հայրիկյանի ժողովրդին կոչ արեցին դեմ քվեարկել Սահմանադրության նախագծին: Ընդդիմախոսների պնդմամբ` Հիմնական օրենքի նախագիծը գրվել էր միայն մեկ մարդու` նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար: Սահմանադրական հանրաքվեի արդյունքներն ընդդիմությունը չընդունեց` հայտարարելով նաեւ Սահմանադրության հանրաքվեի հետ միաժամանակ անցկացված խորհրդարանական ընտրությունների կեղծման մասին: Այդ մեղադրանքներն այդպես էլ փաստարկված չհերքվեցին: Սակայն չափից դուրս ուժեղ նախագահական իշխանություն հաստատած Սահմանադրությամբ Հայաստանն ապրեց տասը տարի:
Հիմնական օրենքի բարեփոխման անհրաժեշտության հարցը դարձյալ ծագեց Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցելուց հետո: Իշխանություններն ամեն կերպ փորձում էին ցույց տալ ԵԽ պահանջները կատարելու ջանք: Արդյունքում` սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն նշանակվեց 2005թ. նոյեմբերի 27-ին: Ազգային համաձայնություն կրկին չեղավ: Ընդդիմադիր «Արդարություն» դաշինքը հանրաքվեն բոյկոտեց, իսկ իշխանամետ ընտրազանգվածն էլ ակտիվություն առանձնապես չցուցաբերեց:
Սակայն պաշտոնական արդյունքների համաձայն` փոփոխություններն ընդունվեցին քվեների ճնշող առավելությամբ: Դրանից հետո Սահմանադրության համար սկսվել է բավական հանգիստ ժամանակահատված: Այժմ «Սահմանադրության թեման» քաղաքական թեժ քննարկումների առարկա չէ: Նույնիսկ 2008 թվականի ողբերգական քաղաքական դիմակայության ժամանակ Սահմանադրությանը «մեղադրանքներ» չուղղվեցին: Ակնհայտ է, որ պատճառը Հիմնական օրենքի արժանիքներն են:
Փորձագետները գործնականում միակարծիք են, որ սահմանադրական բարեփոխումներից հետո բավական հաջողությամբ վերականգնվել է իշխանությունների տարանջատման սկզբունքը, հայտնվել է հավասարակշռություն: Նախագահը զրկվել է ամեն առիթով խորհրդարանը ցրելու գրեթե անսահմանափակ իրավունքից: Ավելին` այժմ պետության ղեկավարը կարող է դադարեցնել օրենսդիր մարմնի գործունեությունը միայն ծայրահեղ դեպքերում, որոնք մանրամասն նկարագրված են Սահմանադրությունում:
Մյուս կարեւորագույն փոփոխությունը եղավ խորհրդարանին Կառավարության ուղղակի հաշվետու լինելը: Այժմ վարչապետի թեկնածությունը նախագահը կարող է ներկայացնել միայն խորհրդարանական մեծամասնության հավանությամբ: Զգալիորեն ընդլայնվել են վարչապետի լիազորությունները:
Անմիջապես նշենք, որ նախագահը գործնականում մնում է միակ բարձրագույն պետական դեմքը, որն ունի ամբողջական իշխանություն: Դա պայմանավորված է մեր ազգային մտածելակերպով, որն արտահայտվում է նաեւ ընտրությունների ժամանակ. թեեւ 2005 թվականից հետո խորհրդարանի լիազորութունները զգալիորեն ընդլայնվել են, սակայն ընտրազանգվածի առավելագույն ակտիվությունը դրսեւորվում է նախագահական ընտրությունների ժամանակ, քանի որ բնակչությունը գլխավորը համարում է հենց նախագահական ընտրարշավը:
Բացի այդ, սահմանադրական բարեփոխումներից հետո Հայաստանում դեռ չի եղել իրավիճակ, երբ նախագահն ու խորհրդարանական մեծամասնությունը նույն քաղաքական ուժը չներկայացնեին: Հետեւաբար` չի եղել իշխանությունների տարանջատման հարցում Սահմանադրությունը ստուգելու հնարավորություն, քանի որ բոլորն էլ միշտ աշխատել են նույն քաղաքական թիմում:
Սակայն Սահմանադրության վերաբերյալ լուրջ քաղաքական դիմակայության բացակայությունը թույլ է տալիս հուսալ, որ 1995-2005 թթ. վիճահարույց քաղաքական գործընթացների շնորհիվ Հայաստանը ստացել է բավական տանելի Սահմանադրություն, որը երկրի քաղաքական կյանքի գլխավոր խնդիր չէ: Հենց դա է դարձել անկախ Հայաստանում ծավալված սահմանադրական գործընթացի ամենադրական արդյունքը:
Իվան Ղարիբյան




























