Նախօրեին դրվեց հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտության» տրամաբանական վերջակետը։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եղավ Բուրսա քաղաքում՝ այդպիսով ընդունելով թուրք իր գործընկեր Աբդուլա Գյուլի պատասխան հրավերը։ Նախագահները բանակցություններ վարեցին դեմ առ դեմ, զրույց կայացավ նաեւ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի ու Ահմեդ Դավութօղլուի մասնակցությամբ։ Այնուհետեւ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում տեղի ունեցավ Թուրքիայի հավաքականի հետ հանդիպումը, որի ժամանակ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պարտվեց 2։0 հաշվով։
Մրցաշարային հեռանկարների տեսանկյունից, այդ խաղը նշանակություն չուներ ոչ հայկական, ոչ թուրքական հավաքականի համար։ Երկու թիմերն էլ կորցրել են Հարավային Աֆրիկայում կայանալիք աշխարհի առաջնությանը մասնակցելու հնարավորությունը։ Իսկ խաղի քաղաքական արդյունքները հնչեցրել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը ուշ գիշերը, արդեն խաղի ավարտից հետո։ Նա մասնավորապես հայտարարել է, որ երկու հավաքականների ֆուտբոլային հանդիպումը երկու նախագահների կողմից անցած ճանապարհը քննարկելու եւ հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո հետագա քայլերի ձեռնարկման գերազանց առիթ է հանդիսացել։ «Քայլեր, որոնք ուղղված են ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչմանը»,- հավելել է Նալբանդյանը։ «Դա թույլ կտա բացելու այն դուռը, որը երկար ժամանակ բաժանել է մեր ժողովուրդներին, դնել երկրների միջեւ հարաբերությունների զարգացման հիմքեր»,- նշել է նա։
Սյսպիսով, Հայաստանն ու Թուրքիան՝ այս փուլում ավարտելով հարաբերությունների պարզաբանումը ֆուտբոլում, գտնվում են քաղաքական երկխոսության արդյունքների ձեռքբերման կես ճանապարհին։
Ցյուրիխում ստորագրված արձանագրությունները պետք է վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից։ Նախօրեին Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը խոստացել է, որ փաստաթղթերը Թուրքիայի խորհրդարանականների քննարկմանը կներկայացվեն արդեն հոկտեմբերի 21-ին։ Իր հերթին, հայոց խորհրդարանի ամենաներկայացուցչական խմբակցության ղեկավար, հանրապետական Գալուստ Սահակյանը ավելի վաղ հայտարարել էր, որ Երեւանը արձանագրությունները կվավերացնի միայն այն բանից հետո, երբ կհամոզվի Թուրքիայում քվեարկության դրական ավարտի հարցում։ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ «դռների վերջնական բացման» ընդդիմախոսների շարքում են երկու երկրների մի ամբողջ շարք քաղաքական ուժեր, ինչպես նաեւ հայկական Սփյուռքի շրջանակներն ու Ադրբեջանը։ Վերջինս ամեն բան կանի գործընթացը ձախողելու համար, քանզի դրանում սպառնալիք է տեսնում տարածաշրջանային իր դիրքերի, ինչպես նաեւ ղարաբաղյան խնդրի շուրջ բանակցային ռազմավարության նկատմամբ։
«Ֆուտբոլային դիվանագիտությունն» ավարտվեց։ Սկսվեց իրական քաղաքականությունը։




























