Կառավարության այս ծրագիրը, նախորդ երկուսի համեմատ, ավելի շատ թվեր է պարունակում առանձին ոլորտների վերաբերյալ, կոնկրետ նպատակներ են ամրագրված, ինչը թույլ կտա հետագայում չափելի կերպով գնահատել կառավարության գործունեությունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով կառավարության նոր ծրագրի տնտեսական բաղադրիչին:

Կառավարության նոր ծրագրով նախատեսված է, որ ՀՆԱ-ի տարեկան միջին աճի նվազագույն մակարդակը պետք է կազմի 7%, բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9%:

«Կառավարության ծրագրում արձանագրվել է, որ 5 տարում նվազագույնը 7% տնտեսական աճ պետք է գրանցվի, այն դեպքում, երբ այդ նույն ծրագիրը պետք է համապատասխանի մինչև 2050 թ. Հայաստանի զարգացման ռազմավարությանը, որի համաձայն՝ մինչև 2050 թ. Հայաստանի ՀՆԱ-ն պետք է 15 անգամ ավելանա: Որպեսզի հնարավոր լինի դրան հասնել, ամեն տարի նվազագույնը 10% տնտեսական աճ պետք է ապահովվի, իսկ այս ծրագրում նախանշված 7%-ը կամ, լավագույն դեպքում, 9%-ը բավարար չեն լինի այդ ցուցանիշին հասնելու համար»,- նշեց Պարսյանը:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ կառավարության այս ծրագրում ավելի մեծ թվով ոլորտների է անդրադարձ կատարվել, բայց անտեսել է մենաշնորհների խնդիրը, ինչի հետևանքով, համոզված է, անհնար կլինի հասնել տնտեսական նախանշվող ցուցանիշներին:

«Ինչպե՞ս է կառավարությունը փորձելու պայքարել այդ մենաշնորհների դեմ, ինչպե՞ս է դրանց ախորժակը զսպելու, եթե ծրագրում որևէ բառ չկա դրա վերաբերյալ: Եթե մենաշնորհների դեմ պայքար չտարվի, հնարավոր չի լինի ՀՆԱ-ի հաշվեկշռում ՓՄՁ ոլորտի մասնաբաժինը հասցնել 55%-ի, որովհետև մենաշնորհները ՓՄՁ ոլորտը կուլ տալով առաջ են գնում: Սա կարևոր բացթողում է, ինչն ի չիք է դարձնում ծրագրում նախանշված բոլոր լավ ու բարի ցանկությունները: Կառավարությունն առատ խոստումներ է տվել սոցիալական օժանդակության ոլորտներում: Միանշանակ, թոշակներն ու նպաստները սպառողական զամբյուղի չափով պետք է լինեն, 3 և ավելի երեխաներ ունեցող ընտանիքներին աջակցելու մասին է նշվում, բայց, միաժամանակ, ըստ կառավարության ծրագրի, պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը չի փոխվելու ի վնաս վերջինի, այսինքն՝ պարտք չենք վերցնելու մոտակա տարիներին: Այդ դեպքում հարց է ծագում՝ եթե խոստանում են, օրինակ, տարեկան 500 կմ ճանապարհ վերանորոգել, այդ ու մի շարք այլ ծրագրերը ֆինանսական ի՞նչ ռեսուրսներով են իրականացնելու: Ֆինանսական աղբյուրները չեն նշվում, իսկ դա կասկածի տակ է դնում այդ ծրագրերի իրականացումը: Եթե հայտարարվում է, որ նոր ծրագրեր են իրականացվելու, բայց ֆինանսական ռեսուրսների աղբյուրները չեն հիշատակվում, դա դառնում է կենացային մակարդակի խոսակցություն»,- նկատեց տնտեսագետը:

Ըստ կառավարության ծրագրի՝ մինչև 2026 թ. նվազագույն կենսաթոշակի և կենսաթոշակի միջին չափերը պետք է հավասարեցվեն, համապատասխանաբար, պարենային և սպառողական զամբյուղների արժեքներին, նվազագույն աշխատավարձի չափը պետք է հասնի 85 000 դրամի, վերանա ծայրահեղ աղքատությունը:

«Եթե կառավարությունը հայտարարում է, որ նվազագույն աշխատավարձը 85 000 դրամ է դառնալու, ապա պետք է նշեն այդ 85 000-ի գնողունակությունը. չի նշվում, թե առաջիկա տարիներին գնաճի ինչ մակարդակ ենք ունենալու, որովհետև ներկայիս 68 000-ով հիմա, գուցե, ավելի շատ ապրանքներ հնարավոր լինի գնել, քան 2026թ-ի 85 000-ով, քանի որ ապրանքներն էլ ավելի կարող են թանկանալ: Այս մասով տեղեկատվությունը ծրագրում բացակայում է»,- նկատեց տնտեսագետը: