Այն որ իշխանության մոտ կադրային սով կա՝ ակնհայտ է ու դա ոչ միայն ԱԳՆ-ի, այլեւ մյուս գերատեսչությունների մասով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանն՝ անդրադառնալով Արարատ Միրզոյանի՝ ԱԳՆ ղեկավարի պաշտոնում նշանակվելուն։

«Այն նախագծերը, որոնք ներկայացնում է Փաշինյանի իշխանությունը, խոսքը դեմարկացիայի եւ դելիմիտացիայի, ճանապարհների բացման, արտաքին քաղաքականության մասին է, սրանք արդեն իսկ խնդրահարույց են եւ չեն բխում Հայաստանի շահերից։ Սակայն առ այսօր չենք լսել ԱԳՆ-ի պաշտոնական դիրքորոշումը։ Երբ պատգամավոր էի, հարցում էի ուղարկել ԱԳՆ, որի պատասխանը դեռ չեմ ստացել․ես հետաքրքրվել էի, թե Հայաստանը պատրաստվո՞ւմ է դիվանագիտական հարաբերություններ հաստատել թուրքերի հետ եւ ի՞նչ պայմաններով։ Հայաստանը հաճախ ասում է, որ ինքը պայմաններ չի դնում, բայց պետք է հիշեցնեմ, որ Թուրքիայի հետ սահմանները մենք չենք փակել, այլ թուրքերն են փակել եւ նախապայմանների լեզվով նրանք են խոսում։ Այդ նախապայմաններից առանցքայինն այն է, որ Հայաստանը պետք է հրաժարվի Հայոց ցեղասպանության ընդունման միջազգային գործընթացներից, Հայ դատի գաղափարից եւ համաձայնի ինչ-որ շինծու համատեղ հանձնաժողովի, եւ  այդ հարցը տեղափոխեն պատմական վիճելի հարցերի ցանկ։ Սա անընդունելի է, սպասենք՝ տեսնենք, թե ԱԳՆ-ն կպատասխանի այս եւ օրինակ այն հարցին, թե օրինակ, Տավուշում տարածքներ հանձնվելո՞ւ են, կամ ի՞նչ տեսք է ունենալու միջազգայնորեն ամրագրված դելիմիտացիան եւ դեմարկացիան, բացի գեղեցիկ արտասահմանյան  բառերից»,- ասաց նախկին պատգամավորը։  

Արման Աբովյանը Արարատ Միրզոյանի նշանակման վերաբերյալ չշտապեց մեկնաբանություն տալ՝ ընդգծելով, որ մինչ իր հարցերի պատասխանները արտաքին գերատեսչությունից չլինի, զերծ կմնա գնահատական տալուց։

«Մենք միայն տեսնում ենք  ինչ-որ նախապատրաստական աշխատանքներ, ինչ-որ բանակցություններ՝ Մոսկվայում, բայց հստակ տեղեկատվություն չունենք այդ գործընթացների մասին։ Հաշվի առնելով փաշինյանական իշխանության  սովորությունը՝ հասարակությանը անակնկալների առաջ կանգնեցնելու, կարծում եմ՝  իմ թվարկած հարցերի պատասխանները պետք է լինեն ԱԳՆ-ից, իսկ առայժմ ես զերծ կմնամ գնահատական տալուց»,- հավելեց նա։

Նշենք, որ նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արտաքին գործերի նախարարություն եւ ԱԳՆ աշխատակազմին ներկայացրել նորանշանակ նախարար Արարատ Միրզոյանին։ Նա իր ելույթում ասել էր․

«Մեր երկիրը կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առաջ: Այդ մարտահրավերներն առաջին հերթին անվտանգային են, որոնք կառավարելու, մեր երկրի համար նպաստավոր արտաքին միջավայր ձեւավորելու համար մեզ անհրաժեշտ է Արտաքին գործերի նախարարություն եւ դիվանագիտական ծառայություն, որը կկարողանա վերցնել իր վրա եւ կիսել քաղաքական պատասխանատվությունը երկրի այսօրվա եւ ապագայի համար»։