Մարդու իրավունքների խորհրդարանական հանձնաժողովի նախկին ղեկավար, «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության նախագահ Արամ Սաֆարյանը հանձնաժողովի ներկայիս ղեկավար Թագուհի Թովմասյանին առաջարկեց հանձնաժողովին կից փորձագիտական խորհուրդ ստեղծել: Արամ Սաֆարյանն իր առաջարկը հնչեցրեց Թովմասյանի եւ հանձնաժողովի նախկին ղեկավարների եւ իրավապաշտպանների հետ հանդիպմանը:
Արամ Սաֆարյանը հիշեցրեց, որ ինքը քաղաքականությունից դուրս է եկել 2012 թվականից, որեւէ կուսակցության անդամ չէ եւ չի ցանկանում, որ իր ներկայությունն ընկալվի ինչ-որ մեկի օգտին կամ դեմ:
«Ես զբաղվում եմ գիտական եւ խորհրդատվական աշխատանքներով: Ես պատրաստ եմ իմ գիտելիքներն օգտագործել ձեր հանձնաժողովի աշխատանքներին օգնելու համար»,- ասաց նա: Սաֆարյանն առաջարկեց հանձնաժողովին կից փորձագիտական խորհուրդ ստեղծել, որը կարող է ընդգրկել ոլորտի 5-7 հեղինակավոր ներկայացուցչի:
Սաֆարյանը միաժամանակ առաջարկեց խորացնել համագործակցությունը Հանրային խորհրդի հետ, ինչպես դա եղավ, երբ նա հանձնաժողովի ղեկավարն էր:





























