Մի քանի օր առաջ, երբ փակվեց Գորիս-Կապան ճանապարհի հատվածը, անցա Տաթեւ-Կապան շրջանցիկ ճանապարհով: Շինարարության ակտիվ շրջանն այստեղ սկսվել է ընդամենը երկու ամիս առաջ, թեեւ դա պետք է արվեր շատ ավելի վաղ՝ հաշվի առնելով հետպատերազմյան սպառնալիքները, որոնք գալիս էին ադրբեջանական կողմից՝ երթեւեկությունը արգելափակելու տեսքով: Այս մասին օգոստոսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Նա հավելեց, որ Գորիս-Որոտան եւ Շուռնուխ-Դավիթ Բեկ ճանապարհների այն հատվածների երթեւեկությունը, որտեղ պատերազմից հետո ադրբեջանական պահակակետեր են հայտնվել, կազմակերպված է այլ կերպ, քան նախկինում էր:
«Մայրուղու հենց մեջտեղում բետոնե պատնեշներ կան: Եթե նախկինում վարորդներն ավելի արագ էին անցնում այս հատվածը՝ հաշվի առնելով մոտակայքում ադրբեջանցիների առկայությունը, ապա այժմ դա անհնար է: Կարծում եմ, որ ադրբեջանական կողմը, ինչպես Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հատվածներում է տեղադրել տեխնիկական միջոցներ, որոնք կատարում են ավտոմեքենաների եւ անձանց մշտադիտարկման գործառույթ, նույնանման մշտադիտարկում կիրականացնի նաեւ այս հատվածում՝ հաշվի առնելով, որ տրանսպորտի թույլատրելի արագությունը նվազել է: Սյունիքի մարզում պատգամավորը հանդիպումներ է ունեցել տեղի բնակչության հետ: Առաջին հայացքից թվում է, թե համայնքներում ոչինչ չի կատարվում: Խուճապի բացակայությունը դրական երեւույթ է, սակայն, ցավոք, Ադրբեջանը չի սահմանափակվի արդեն արվածով: Պետք է պատրաստվել իրադարձությունների ցանկացած զարգացման: Հանդիպել եմ նաեւ քաղաքացիների հետ, ովքեր մտահոգություն հայտնեցին համայնքների ղեկավարների հետապնդումների կապակցությամբ, որոնք պատերազմից հետո հսկայական աշխատանք են կատարել իրենց դիրքերը ամրապնդելու եւ այլ աշխատանքներ կազմակերպելու համար: Այս ֆոնին նրանց նկատմամբ հետապնդումները առնվազն տարօրինակ են: Այն ամենը, ինչ կատարվում է Սյունիքում, կարող է կապված լինել այնտեղ սպասվող գործընթացների հետ: Իշխանությունները փորձում են աշխատանքից ազատել այն համայնքների ղեկավարներին, ովքեր իրենց չեն աջակցել կամ չեզոք դիրք են գրավել՝ անկախ նրանից, թե ով ինչ ծառայություններ է մատուցել տվյալ բնակավայրին: Իշխանությունները կա՛մ չեն գիտակցում ռիսկերը, կա՛մ գիտակցում են, սակայն համաչափ գործողություններ չեն ձեռնարկում դրանք վերացնելու համար եւ պետությունը վերջնական փլուզման են տանում: Նրանց միակ գործառույթը մեղքը ուրիշների վրա բարդելն ու պատասխանատվությունից խուսափելն է: Սակայն ներկայիս իշխանությունները հավերժ չեն: Մենք չենք համակերպվի հայրենիքի, մեր հայրենակիցների կորստի, Ադրբեջանում հայ գերիների առկայության եւ, ընդհանրապես, այս ամբողջ իրավիճակի հետ», - նշեց պատգամավորը:





























