Հայաստանում ի սկզբանե միտում կար կարգավորելու ատելության խոսքը, եւ հիմա էլ ես ունեմ նախագիծ կոնկրետ ինտերնետի տիրույթում այս երեւույթը կարգավորելու, սակայն կարծես թե այս երեւույթից անցում կատարվեց դեպի դիֆամացիայի դաշտ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1-ին, «Ընդդեմ մամուլի սահմանափակումների, հանուն խոսքի ազատության և տեղեկացված լինելու իրավունքի» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց քրեական և միջազգային իրավունքի մասնագետ, փաստաբան Արա Ղազարյանը:

Նրա խոսքով, վիրավորանքը, վուլգար արտահայտությունը, նույնիսկ հայհոյանքը ատելության խոսք չէ. «Արվեց այն,ինչ չպետք է արվեր, աստիճանաբար ոչ միայն մասամբ կրկին քրեականացվեց դիֆամացիան, որը միջազգային իրավունքին հակասում է, այլեւ ատելության խոսքի կարգավորմանը զուգահեռ ավելի խստորեն սկսեց կարգավորվել դիֆամացիան, այն պարագայում, երբ մենք ունեինք վիրավորանքի եւ զրպարտության հարցերով բավական հաջող դատական պրակտիկա:

Արդյունքում նախ քրեականացվեց ծանր վիրավորանքը, որը դեռ պետք է մեկնաբանվի, թե որն է ծանր վիրավորանքը, որի տուգանքը սահմանվել է 100-500 հազար դրամ: Սա այն դեպքում, երբ մենք ունենք նույն վիրավորանքի համար 3-5 մլն դրամ, արդեն քաղաքացիական պատասխանատվության միջոց: Այսինքն քրեական պատասխանատվության միջոցն ավելի մեղմ է, քան  քաղաքացիականը: Ինչպե՞ս կարող է դա լինել: Նման միջոց սահմանելու առաջին բացասական հետեւանքը այդ արարքի նախականխումն է: Այսինքն կարող է չգնալ այն արժեքավոր ինֆորմացիան, որը կգնար, եթե այս կարգավորումը չլիներ»,-ընդգծեց փաստաբանը:

Նա նկտեց, որ միջազգային իրավունքում թեստային հարցը հետեւյալն է. ցանկացած կարգավորում, ցանկացած նորմ, ռեֆորմ, եթե ազդելու է ինֆորմացիայի ազատ հոսքի վրա, անհրաժեշտ չէ ժողովրդավարական հասարակությունում:

«Սա բանաձեւ է, եվրոպական հանրային կարգ է: Մենք հիմա դեմ ենք գնում եվրոպական կարգին: Դիֆամացիայի մասին եվրոպական կրգավորումն ասում է՝ առանց հապաղելու վերացնել բանտարկության հետ կապված պատժի տեսակները: Իսկ մեր օրենսդրությամբ կալանք է նախատեսում դիֆամացիայի համար, եթե այն կատարվում է մեկից ավելի անգամ: Իսկ լրագրողնը եթե մի մարդու մասին գրում է, գրում է մեկից ավելի անգամ: Սա արդեն հակակոնվենցիոն է, հակասահմանադրական է: Ուստի, եթե որեւէ մեկն ընկնի այս հոդվածի տակ, պետք է անպայման մտածի առնվազն մինչեւ ՍԴ տանելու այս հոդվածը»:

Արա Ղազարյանն անդրադարձա նաեւ քաղաքացիական օրենսգրքի փոփոխություններին, որով բարձացվեց վիրավորանքի ու զրպարտության համար փոխհատուցման չափերը: «Եթե մեկը պետք է տուժի այս փոփոխություններից, դրանք լրագրողներն են, որովհետեւ միայն իրենք են հասարակության այնխավը, որոնք խոսում են այն մասին, որոնց մասին բոլորը կարող են լռել»:

Ինչ վերաբերում է հայհոյանքի համար վարչական պատասխանատվություն սահմանելուն, նա ընդգծեց. «Ֆեյսբուքով ինչ-որ մեկին հայոհոյելու համար պետք է վարչական պատասխանատվություն սահմանել, բայց պետք է, կարծում եմ, վերականգնել մանր խուլիգանություն զանցանքը եւ հայհոյանքը դնել դրա տակ: Բայց օրենսդիրը ի սկզբանե որոշել է սահմանափակում դնել կոնկրետ հայհոյանքով:

Եթե այս երկրում պետք է կարգավորել մի բան, ապա դա ատելության խոսքն է քաղաքական ու մասնագիտական հարթակներում: Դիֆամացիային պետք չէր ձեռք տալ»:

Հարցին, թե որն է իշխանության նպատակը, որ գնում է նման սահմանափակումների, նա պատասխանեց. «Քաղաքական գործիչները ձգտում են արագ արդյունք ցույց տալ, բայց հաշվի չեն առնում, որ դրանք կարճաժամկետ ազդեցություն կարող են ունենալ: Դրանք կարող են կոնկրետ թիրախներ ունենալ, բայց համընդհանուր դաշտ ստեղծել չի հաջողվի: Օրենսդիրի նպատակը համընդհանուր կարգավորումը պետք է լինի, ոչ թե առանձին օջախներին թիրախավորելը: Գուցե նպատակն է կարճ ժամկետում փորձել հասնել ինչ-ինչ քաղաքական լուրջ նպատակների: Եթե հաշվարկը դա է, դա չի աշխատի»: