«Իզմիրլյան» Բժշկական կենտրոնի նախկին տնօրեն, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի խափանման միջոցի փոփոխելու համար հրատապ նիստ հրավիրելու մասին միջնորդություն է ներկայացվել դատարան։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Պաշտպանի խոսքով՝ միջնորդության համար հիմք է հանդիսացել Արմեն Չարչյանի առողջական վիճակը։
«Արմեն Չարչյանը օգոստոսի 24-ին տարել է սուր ինֆակտ, ունի ծանր շաքարային դիաբետ և ընդունում 92 միավոր ինսուլին, ինչն ուղղակի անհամատեղելի է կալանքի հետ, և այս անհամատեղելիությունը հաստատվում է Կառավարության 825Ն որոշմամբ»,- նշեց նա։
Երբ կհրավիրվի նիստը հայտնի չէ, քանի որ այս առումով օրենսդրությունը որևէ սահմանում չունի։
Հիշեցնենք, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն օգոստոսի 23-ին Չարչյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշման դեմ դատախազության բողոքը բավարարել էր։ Դատարանի որոշումից հետո Արմեն Չարչյանը սեփական նախաձեռնությամբ գնացել էր քրեակատարողական հիմնարկ, ապա՝ կալանավորվել։ Օգոստոսի 30-ին հայտնի դարձավ, որ Չարչյանի առողջական վիճակը վատթարացել է, ու նա տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոց։
Նշենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):




























