ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ երեկվա ասուլիսի ժամանակ արված հայտարարություններից մեկը հակասում է Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը: Այս մասին սեպտեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը: «Նա, ինչպես եւ Փաշինյանը, ասաց, որ մենք ունենք խաղաղության օրակարգ, սակայն նշեց, որ կարող ենք այս խաղաղության օրակարգը կազմել Արցախի կարգավիճակը հստակեցնելուց հետո, մինչդեռ Ադրբեջանն ասում է, որ իր համար Արցախի կարգավիճակի հարց չկա:

Փաշինյանն ասում է, որ որքան էլ ագրեսիվ լինի թշնամին, մենք հանդես ենք գալիս խաղաղության օգտին, ինչը հակառակորդը չի անում: Ինչպես նա ժամանակին ասել էր, Արցախի հարցը պետք է լուծվի՝ ելնելով Ադրբեջանի, Արցախի եւ Հայաստանի ժողովուրդների շահերից: Միջազգային հարաբերություններում ամենալուրջ հարվածներից մեկը պոպուլիզմն է: Այժմ նա նորից պոպուլիզմով է զբաղվում: Արարատ Միրզոյանը մերժում է Փաշինյանի օրակարգը: Նա ասում է, որ խաղաղության օրակարգը կարող է կյանքի կոչվել Արցախի կարգավիճակի հստակեցումից հետո, նույնիսկ եթե թշնամին անընդհատ հայտարարի, որ նման հարց չկա», - հավելեց նա:

Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարների հանդիպմանը, ինչպես նկատեց նախկին պատգամավորը, յուրաքանչյուր հանդիպումից առաջ կամ հետո սահմանին միջադեպ է արձանագրվում, որի արդյունքում մենք կորուստներ ենք ունենում: «Բացի այդ, յուրաքանչյուր նման հանդիպում ուղեկցվում է նոր բացահայտումներով եւ մերկացումներով: Լավրովը ոչինչ հենց այնպես չի ասում: Գերիների հետ կապված նա ասաց. «Նոյեմբերի 9-ի հայտարարությունը վերաբերում էր գերիներին, որոնք այդ ժամանակ արդեն գերեվարված էին»: Այդ դեպքում պարզ չէ, թե նոյեմբերի 20-ին գերիները ինչ կարգավիճակում են գտնվել եւ ինչպես են հայտնվել այնտեղ:

Կամ Հայաստանի իշխանությունները չեն հայտնել, որ նման պայմանավորվածություն կա, կամ եթե ադրբեջանական բանակը, որն ասում էր, թե կանգնած է այն սահմանին, որտեղ այժմ գտնվում է, իրոք օկուպացրեց տարածքը եւ գերի վերցրեց զինվորականներին, ապա ինչու՞ միջազգային ասպարեզում աղմուկ չի բարձրանում: Լավրովն ասում է. «Մտածեք, թե ինչի մասին եք պայմանավորվել նրանց հետ, քանի որ դա մեր համաձայնության շրջանակներում դա եղել է, նրանք գերեվարվել են դրանից հետո»: Դա բացահայտում էր», - եզրափակեց Հակոբյանը: