ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը շարունակում է շնորհավորական ուղերձներ ստանալ: Այս մասին ասված է ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանի տարածած հայտարարությունում:

«Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Հայկո Մաասը իր շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ հայ-գերմանական սերտ հարաբերությունները հետայսու ևս կխորանան և Գերմանիան կշարունակի 2018թ․ մեկնարկած բարեփոխումների և արդիականացման ճանապարհին Հայաստանի կողքին լինել:

Հայկո Մաասը վստահեցրել է, որ Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կսատարի համանախագահներին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերում և իր նպաստը կբերի տևական հաշտեցման գործում։

Ուկրանիայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան պատրաստակամություն է հայտնել համագործակցել հայ-ուկրանիական հարաբերությունները հետագայում առավել ամրապնդելու գործում, և այս համատեքստում ընդգծել է, որ Ուկրանիան պատրաստ է կառուցողական երկխոսության համապարփակ զարգացմանը։

Բոսնիա և Հերցեգովինայի ԱԳ նախարար Բիսերա Տուրկովիչը շնորհավորական ուղերձում իր համոզմունքն է հայտնել, որ Հայաստանի հետ երկկողմ հարաբերությունները կշարունակեն ամրապնդվել։

Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀ) Գլխավոր քարտուղար Լազար Կոմանեսկուն նշել է, որ ՍԾՏՀ մշտական քարտուղարությունը բարձր է գնահատում Հայաստանի հանձնառությունը՝ ընդլայնելու տարածաշրջանում տնտեսական համագործակցությունը և մշակութային փոխգործակցությունը, ինչպես նաև առաջ մղելու անդամ-պետությունների միջև կառուցողական երկխոսությունը, ինչը էապես նպաստում է տարածաշրջանում կայունությանը և կայուն զարգացմանը։

Պարագվայի ԱԳ նախարար Էվկլիդես Ասևեդոն, շնորհավորելով Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, պատրաստակամություն է հայտնել ամրապնդելու Հայաստանի և Պարագվայի միջև համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները։

Հորդանանի Հաշիմյան Թագավորության ԱԳ նախարար Այման Սաֆադին շեշտել է ընդհանուր հետաքրքրության շրջանակներում համագործակցության կարևորությունը և իր համոզմունքը հայտնել երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և առավել ամրապնդման շարունակականության վերաբերյալ։

Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնը շնորհավորական ուղերձում լյուքսեմբուրգյան կողմի պատրաստակամությունն է հայտնել՝ խորացնելու հայ-լյուքսեմբուրգյան հիանալի հարաբերությունները, որոնք ավելի են ամրապնդվել անցած տարիներին տարբեր մակարդակներով կայացած փոխայցերի շնորհիվ։

Ղրղզական Հանրապետության ԱԳ նախարար Ռուսլան Կազակբաևը վստահությամբ նշել է, որ կառուցողական փոխգործակցության միջոցով կհաջողվի ընդլայնել հայ-ղրղզական համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ հարթակներում։

Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի նախագահ Նիկոլայ Պոդգուզովը, շնորհավորելով Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, հաջողությունն է մաղթել պետական գործունեությունում՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության»,- նշված է հաղորդագրությունում։