NEWS.am-ն արդեն հայտնել էր Երեւանի Ներքին Շենգավիթի յոթերորդ փողոցում տիրող իրավիճակի մասին:
Հակիրճ հիշեցնենք. մի քանի ամիս առաջ փողոցի մեջտեղում սպառնալից չափսերի ու արտաքին տեսքի փոս էր գոյացել: Հարեւան առանձնատների բնակիչները փորձել էին հրավիրել թաղապետարանի եւ «Վեոլիա» ընկերության ուշադրությունը խնդրին: Պատասխանները մոտավորապես նույն էին եւ հանգում էին այն մտքին, որ «խեղդվողների փրկությունը հենց խեղդվողների գործն է»: Այսինքն, թե թաղապետարանը, թե ընկերությունը պնդում են, որ քանի որ վնասված է դեպի տուն գնացող խողովակը, ապա նորոգել նույնպես պետք է տան տերերը: Ընդ որում, փոսը գտնվում է փողոցում` ճանապարհի երթեւեկելի հատվածում: Կողմերը պարզում են, թե ով ով է, իսկ այդ ընթացքում փոսը մեծանում եւ լայնանում է:
Երկրորդի տան բնակիչները երկորդ անգամ են դիմել NEWS.am-ին: «Մենք չենք կարողանում հասնել իրավասու անձանց: Ամենուր փորձում են քաղաքավարի ձեւով ազատվել մեզանից` ասելով, որ խողովակը ձերն է, դուք էլ պետք է նորոգեք: Մենք պատրաստ ենք մասնակցել խողովակի նորոգմանը, բայց մասնագետների օգնության կարիքն ունենք: Եվ եթե մենք ինչ-որ բան սխալ անենք, վաղը հենց թաղապետարանը կամ «Վեոլիա»-ն մեզ պահանջներ կներկայացնեն»,- ասում են տան բնակիչները:
Փոսն արդեն այնքան է մեծացել, որ ավտոմեքենաները դժվարությամբ են շրջանցում: Փոսի դիմաց հոգատար կերպով նախազգուշական նշան է դրված, իսկ հենց փոսի մեջ ճյուղ է «տնկված»:
Թե ո՞վ պետք է նորոգի փոսը, որպեսզի այն էլ ավել չմեծանա, հուսով ենք` այն շուտով պարզ կդառնա: Բայց եթե այդ դեպքում, օգտվելով այն հանգամանքից, որ փոսը տան մոտ է առաջացել, թաղապետարանն ու մենաշնորհային ընկերությունն անտեսում են դրա բնակիչներին, ապա ինչ անել, երբ ամիսներ շարունակ ճանապարհի մեջտեղում նույնպիսի փոսեր ու դիտահորեր են:
«Աճած» ճյուղով փոս հենց հիմա կա նաեւ Մայիսի 9-ի փողոցում: Մոտ մեկ ամիս է` հետեւում եմ այդ փոսին: Երկար ժամանակ բաց դիտահոր կա նաեւ Սեբաստիա փողոցի կամրջի տակ: Ո՞վ է պատասխանատու վարորդների համար այս պոտենցիալ վտանգավոր փոսերի եւ բաց դիտահորերի համար: Մի՞թե քաղաքապետարանի, թաղապետարանների, «Վեոլիա»-յի աշխատակիցները չեն տեսնում այդ փոսերն ու նախազգուշացնող ճյուղերը:






























