Հայաստանում գազի ներքին սակագների տեսանկյունից կան բավականին լուրջ խնդիրներ, եւ դա կապված է առաջին հերթին «Գազպրոմ Արմենիա» ընկերության եկամտաբերության ներքին նորմի հետ, որը 2013 թվականից 9 տոկոս մակարդակի վրա է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկայի անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:
Նա պարզաբանեց, որ այսօր ընկերությունը դժգոհ է եկամտաբերության այս նորմից` հաշվի առնելով նաեւ դոլարի նկատմամբ ազգային արժույթի տատանումները (Հայաստանը գազը գնում է դոլարով, ինչը լուրջ ֆինանսական խնդիրներ է ստեղծում «Գազպրոմ Արմենիայի» համար):
«Ըստ երեւույթին, ընկերությունը մոտ ապագայում պնդելու է եկամտաբերության մասնաբաժնի վերանայում, եւ այսօր դրա միակ ճանապարհը գազի սակագնի բարձրացումն է:
Չեմ բացառում, որ ինչպես եւ 2020 թվականի գարնանը, տեսանելի ապագայում, «Գազպրոմ Արմենիան» հայտ կներկայացնի ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` ներքին սակագները բարձրացնելու վերաբերյալ: Կարծում եմ, որ կարող ենք խոսել սակագների մինչեւ 10 տոկոս բարձրացման հայտի մասին: Նման կանխատեսում կարելի է անել՝ հիմնվելով 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ գոյություն ունեցող իրողությունների վրա: Այդ ժամանակ ընկերությունը դիմեց ՀԾԿՀ` առաջարկելով բարձրացնել սակագները առանձին հատվածների համար մինչեւ 30 տոկոսով: Արդյունքում, Հայաստանում սակագները բարձրացան ընդամենը 5-6 տոկոսով, ինչը չի բավարարում «Գազպրոմ Արմենիային»:
Ինչ վերաբերում է գներին սահմանին, ապա այս հարցը ավելի շատ աշխարհաքաղաքական բնույթ է կրում, հետեւաբար, ամենայն հավանականությամբ, այստեղ փոփոխություններ չեն լինի», - նկատեց փորձագետը:
Հիշեցնենք, որ 2020 թվականին ջերմոցային տնտեսությունների, պահածոների, խմիչքների եւ կաթնամթերքի արտադրողների համար գազի սակագները բարձրացվել են 212 դոլարից մինչեւ 224 դոլար հազար խորանարդ մետրի համար:



























