Հայաստանը Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում կներկայացնի Ազգային Ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի խորհրդական Դավիթ Մելքոնյանը`1 տարի ժամկետով: Այդ մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնակա կայքէջը:

Դ. Մելքոնյանի նշանակումը կապված է Շվեյցարիայի Ինտերլակեն քաղաքում կայացած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ապագային նվիրված բարձր մակարդակի համաժողովի հռչակագրի 4(e) կետի հետ, որով առաջարկվում է անդամ երկրներին` Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարություն գործուղել ազգային դատավորների կամ բարձր մակարդակի անկախ իրավաբանների:

Թե որքանով է ԱԺ նախագահի խորհրդականը համապատասխանում այս պահաջներին` այլ հարց է, սակայն ֆինանսների նախարարությունը պաշտոնապես առարկել է բյուջեից ֆինանսավորում հատկացնելու առաջարկին; Ֆինանսների նախարարությունից մերժումը պատճառաբանել են այն հիմքով, թե ԱԺ նախագահի խորհրդականը չի ներկայացնում գործադիր իշխանությունը:

Նշենք, որ ԱԺ նախագահի խորհրդականի գործուղումը ֆինանսավորելու համար պահանջվում է մոտ 13 մլն դրամ (մոտ 35 հազ. դոլար):

Ֆինանսների նախարարության առարկությունը կառավարության կողմից չի ընդունվել այն մեկնաբանությամբ, թե Դ. Մելքոնյանը մարդու իրավունքների եվրոպական դատարանում ներկայացնելու է ոչ թե իշխանության թեեւերից մեկը, այլ Հայաստանի Հանրապետությունը: Դ. Մելքոնյանի գործուղման հարցը կհաստատվի կառավարության հուլիսի 7-ի նիստում: