Հայաստանի իշխանությունները պատրաստ են երկխոսություն ծավալել ընդդիմության հետ ցանկացած ձեւաչափով, թեկուզ երկխոսության ակումբում, «Օջախ» ռեստորանում, եթե, իհարկե, ընդդիմադիրներն իրենց խելոք պահեն, վերջերս բացված Սեւանի անվճար լողափին: Նման հայտարարություն է արել մամուլի ասուլիսում Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:

Ընդ որում նա ընդգծել է, որ իշխանությունները հենց երկխոսություն, այլ ոչ բանակցություններ են վարելու: «Չի կարելի ասել, թե Հայաստանի իշխանությունները ձգտում են ՀԱԿ-ի հետ երկխոսության, ուղղակի այդ ուժի հետեւում մեր ժողովրդի որոշակի հատված է կանգած, եւ կառավարող ուժերը պարտավոր են հաշվի նստել նաեւ նրանց կամքի հետ:

Ընդհանրապես Հայ ազգային կոնգրեսն իրեն երեւելիների տեղ է դրել, իսկ քաղաքական դաշտում երեւակայողներ չպետք է լինեն: ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, գիտակցելով, որ իր գաղափարը` Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի բարձր կարգավիճակի մասին, ժողովրդի կողմից ոգեւորությամբ չընդունվեց, իր համար նոր ամպլուա է գտել, բայց նա այն ամենազոր վիշապը չէ, որ փակել է ժողովրդի ջրի ճանապարհը»,- հայտարարել է Սահակյանը:

Խոսելով ՀԱԿ-ի վերջին հանրահավաքին առաջ քաշված վերջնաժամկետների մասին, Սահակյանն ասել է. «Այդ սպառնալիքները մեզ մահու չափ վախեցրել են, մենք ուղղակի նստել եւ դողում ենք` սպասելով սեպտեմբերին»:

Հարցին, թե ինչո՞ւ է վերջին շրջանում խստացել ՀԱԿ-ի բառապաշարը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասել է, թե դա կապված է ՀԱԿ-ից նրա կողմնակիցների, նաեւ առաջնորդների հոսքով: «Մեծ հաշվով ՀԱԿ-ում նրա առաջնորդներից մնացել է միայն Լեւոն Տեր-Պետրոսյանը»: