Ներկայումս Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմում քննարկվում է Ղարաբաղում Գանձասար վանական համալիրի վերանորոգման եւ բարեկարգման գործընթացը, որի արդյունքում աղավաղվել է համալիրի պարսպի հինավուրց տեսքը:
Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Արցախի թեմի առաջնորդ, Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը` նկատելով, որ Գանձասարի վանական համալիրի քարե պարսպի վերանորոգման հետեւանքների մասին մեր հարցերին կարող է պատասխանել միայն երկու օր անց:
Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից եւս հրաժարվեցին մեկնաբանել տվյալ փաստը` պատճառաբանելով, թե Լեռնային Ղարաբաղի տարածքում եկեղեցիների բարեկարգմամբ զբաղվում է Արցախի թեմը:
Նշենք, որ Facebook սոցիալական ցանցում տեղադրվել են լուսանկարներ, որոնք պատկերում են հայկական ճարտարապետության գոհարներից մեկի՝ Արցախում գտնվող 13-րդ դարի Գանձասարի նշանավոր վանական համալիրի պարիսպների այլանդակումը մարմարե սալիկներով։ ԼՂՀ կառավարությանն առընթեր զբոսաշրջության վարչության հուշարձանների պահպանության եւ ուսումնասիրման վարչության պետ Սլավա Սարգսյանը նշել էր, որ դեռ մարտ ամսին վարչությունը Արցախի հայրապետական թեմի առաջնորդարանից ստացել էր նամակ, որտեղ նշվում էր այդ գաղափարի իրականացման համար միջոցներ տրամադրողի` Լեւոն Հայրապետյանի անունը: Սարգսյանի խոսքերով, վարչությունը նման աշխատանքներ իրականացնելու թույլտվություն չի տվել, որովհետեւ «այն կվնասի պատմական միջավայրը»: Սարգսյանը հայտնել է նաեւ, որ երեսպատումն անօրինական է արվում: Նրա կարծիքով պատերի երեսպատումը կարող է խոչնդոտ հանդիսանալ նաեւ համալիրը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ընդգրկելու հարցում:
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը կոչ է արել մոսկվայաբնակ հայ գործարար Լեւոն Հայրապետյանին հրահանգել շտապ կասեցնել Գանձասարում իրականացվող վանդալիզմը, ինչպես նաեւ զգուշորեն հեռացնել այդ անճաշակ մարմարե սալիկները` վերադարձնելով պարսպին իր պատմական տեսքը:




























