Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը, երկխոսություն պահանջելով իշխանություններից, վերջիններիս առաջ սոփեստական հարց է դնում, որին տրված ցանկացած պատասխան իշխանություններին ոչ մի լավ բան չի խոստանում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հուլիսի 6-ին հայտարարեց «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի ղեկավար Ահարոն Ադիբեկյանը:
«ՀԱԿ-ն իշխանություններին երկխոսություն է առաջարկում, բանակցությունները ամենայն հավանականությամբ պետք է լինեն արտահերթ ընտրությունների շուրջ: Եթե իշխանությունները պատասխանեն «այո», ապա նրանք կդիտվեն վատ իշխանություններ, ինչի մասին գիտեն անգամ իրենք: Իսկ եթե «ոչ» ասեն, ապա կհայտնվեն բռնակալի դերում: Նույնկերպ ես կարող եմ ցանկացածին հարցնել` «դու դադարե՞լ ես ծեծել հորդ»: Եւ ինչ ինձ կպատասխանե՞ն, որ «այո, դադարել եմ», թե՞ «ոչ, չեմ դադարել»,-կատակեց սոցիոլոգը:
Խոսելով ՀԱԿ-ի քայլերի մասին, Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ արտահերթ ընտրությունների թեման Կոնգրեսի համար հարթակ է, որի վրա «դեռեւս կարելի է պարել»: «Նրանց այլ բան չի մնում: Տնտեսական հարցեր լուծելու համար Կոնգրեսը չունի ռեսուրսներ, քաղաքական հարթակում փորձում են ինչ-որ բան ցույց տալ, դա էլ ոչ այնքան: Այդ պատճառով էլ ՀԱԿ-ն արմատական ընդդիմությունից վերածվել է համեստ ընդդիմության, եւ այժմ փորձում է հնարավորինս հակվել դեպի կենտրոն, որպեսզի հետագայում կարողանա պայքարել իշխանության համար»,-հայտարարեց Ադիբեկյանը:




























