Կառավարությունում այսօր` հուլիսի 6-ին «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստում քննարկվել է Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի երկշարքանի երթեւեկելի մասի քառաշարք երթեւեկելի մասի վերակառուցման պայմանները:
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քննարկվել է նաեւ Երեւան-Աշտարակ ճանապարհահատվածի վերակառուցման եւ Երեւան-Արարատ ճանապարհահատվածի ճանապարհային անվտանգության բարելավման կապալառուի ձեռքբերման մրցույթի պայմանները եւ կապալառուի հետ կնքվելիք պայմանագրի հատուկ պայմանները: Հարցի առնչությամբ ներկայացվել են 2011 թ. հունիսին Ասիական զարգացման բանկի եւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի միջեւ կայացած տեսակոնֆերանսի արդյունքները: Կառավարման խորհրդի անդամներն իրենց տեսակետներն ու դիտարկումներն են արտահայտել քննարկվող հարցի կապակցությամբ: Ընդհանուր առմամբ, հավանության արժանացնելով ներկայացված փաստաթուղթը` խորհուրդը որոշել է հիմք ընդունել այն մրցույթ հայտարարելու համար:
Մեկ այլ հարցով կառավարման խորհրդի քարտուղար է նշանակվել ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի առաջին տեղակալ Հրանտ Բեգլարյանը:




























