Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը մի քանի ուղղություններով նոր չվերթներ է բացում: Մասնավորապես, նոր չվերթներ կիրականացվեն դեպի Մադրիդ, Լիոն, Մարսել, Բարսելոն: Այս մասին այսօր` հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը:

Միաժամանակ, նա նշել է, որ հայ ուղեւորների ցածր վճարունակությունը հաշվի առնելով, «Արմավիան» զգուշությամբ է մոտենում նոր ուղղություններով չվերթներ կազմակերպելու խնդրին:

Խոսելով ավիատոմսերի զեղչերի մասին, Բաղդասարովը նշել է, որ առնվազն ամռանը նման բան չի լինի: «Ամռանը ավիատոմսերի գները չեն իջնում, դա, սովորաբար, տեղի է ունենում ձմռան սեզոնին»,- ասել է գործարարը, միաժամանակ խոստանալով, քննարկել ամառային արձակուրդների ժամանակ ավիատոմսերի զեղչեր կիրառելու հնարավորության հարցը: