Միջազգային տնտեսական ճգնաժամն իր գագաթնակետին կհասնի 2013 թվականին, այդ մասին են վկայում ազդեցիկ վերլուծական կենտրոնների տվյալները: Նման տխուր կանխատեսումներ է արել «Արմավիա» ավիաընկերության ղեկավար, գործարար Միխայիլ Բաղդասարովը:

Ընդ որում, նա դժվարացել է համեմատական վերլուծության ենթարկել Հայաստանի տնտեսական իրավիճակը մինչեւ ճգնաժամը եւ ճգնաժամից հետ:

Պատասխանելով հարցին, թե արդյոք համաձա՞յն է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարության հետ, թե նրա կառավարման օրոք կենսամակարդակն ավելի բարձր էր, քան հիմա, Բաղդասարովը նշել է. «Ռոբերտ Քոչարյանը փորձառու տնտեսական եւ քաղաքական գործիչ է: Նրա կառավարման օրոք Հայաստանում կապիտալ շինարարության աճ է գրանցվել: Ինչ վերաբերում է ներկայիս իրավիճակին, ոչինչ չեմ կարող ասել, քանի որ չգիտեմ, թե ինչ ենք անում եւ ուր ենք գնում: Բայց կարող եմ ասել, որ միջազգային ճգնաժամի պատճառով ողջ աշխարհը հայտնվեց բարդ դրության մեջ»:

Անդրադառնալով Forbes-ի վերջին հրապարակմանը, որի համաձայն Հայաստանը վատթարագույն տնտեսությունների ցանկում երկրորդն է Մադագասկարից հետո, Բաղդասարովն ասել է. «Forbes-ը հեղինակավոր պարբերական է: Ճիշտ է` ես չգիտեմ, թե որտեղից է վերցնում իր տվյալները, բայց… Ամեն ինչ կախված է, թե որ կողմից ես նայում իրերին»: