Ոսկու գինն աշխարհում շարունակում է մնալ բարձր 2 պատճառով` պահանջարկի աճ եւ ռեզերվային մետաղի դերակատարում: Այդ մասին այսօր` հուլիսի 6-ին լրագրողներին հայտնեց «ԳեոՊրոՄայնինգ» ընկերության նախագահ Ռոման Խուդոլին:

Նրա խոսքով` ոսկու նկատմամբ պահանջարկի աճը հիմնականում պայմանավորված է զարգացող շուկաներով` Չինաստան, Հնդկաստան, Բրազիլիա, Վիետնամ: «Եթե յուրաքանչյուր չինացի նշանի մի ոսկե մատանի դնի, ապա աշխարհում ոսկին չի հերիքի»,- ասաց. Ռ. Խուդոլին:

Ըստ Ռ. Խուդոլիի` ոսկին հանդիսանում է ռեզերվային մետաղ, այդ իսկ պատճառով միշտ էլ կունենա կայուն բարձր արժեք: Ներդրողները ներկայումս փնտրում են ավելի հասկանալի գործիքներ, իսկ այդպիսին հանդիսանում է ոսկին:

«ԳեոՊրոՄայնինգ»-ի նախագահի կանխատեսմամբ` ոսկու ներկայիս գինը առաջիկայում էական փոփոխություններ չի կրի, թեեւ կլինեն ճշգրտումներ: