Ոչ ուշ, քան օգոստոսի 1-ը կիրականացվի լրագրողների եւ մանկավարժների համար կառուցվող բնակարանների վիճակահանությունը: Այս մասին այսօր` հուլիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, ԵՊՀ շրջանավարտների միավորում հ/կ-ի նախագահ Արսեն Քարամյանը:
«Շահառուն մասնակցելու է վիճակահանությանը, արկղից հանելու է այն բնակարանի համարը, որն իրենն է լինելու եւ եթե ինչ-որ մի տեղ այդ բնակարանն իր սրտով չլինի, այդ հանգամանքի համար պիտի մեղադրի միայն իրեն»,- ասաց Արսեն Քարամյանը:
Վիճակահանությունից հետո տասնօրյա ժամկետում երիտասարդ մասնագետները պետք է վճարեն 200 հազար երաշխիքային գումար, որը մտնելու է բնակարանի գումարի մեջ: Դրանից հետո կնքվելու է առքուվաճառքի նախնական պայմանագիր: Եթե բանկը վարկունակ չի ճանաչում, ապա այդ 200 հազար գումարը վերադարձվում է, իսկ նրա համար նախատեսված բնակարանը տրամադրվելու է սպասողների ցուցակից որեւէ մեկին:
Բնակարանի գնի 20 տոկոսի չափով վճարումը կատարելուց 7 ամիս հետո տրամադրելու են սեփականության վկայականը, որը բանկում դրվելու է գրավ: «Վարկը ձեւակերպվելու է 20 տոկոսը վճարելուց մեկ տարի հետո, մոտավորապես` բնակարան մուտք գործելուց 6-7 ամիս առաջ»,- ասաց Ա. Քարամյանը:
NEWS.am-ի հարցին, թե եթե հանկարծ ծրագիրն այս կամ այն պատճառով կիսատ մնա, այդ դեպքում ի՞նչ է լինելու, Ա. Քարամյանը նշեց, որ այդպիսի բան չի կարող լինել եւ սա առաջին դեպքը չէ: «Չի կարող այնպես լինել, որ բնակարանները չկառուցվեն, ես ձեզ վստահեցնում եմ»,- ասաց նա:
«Երիտասարդ ընտանիքիներին մատչելի բնակարան» ծրագիրն, ըստ Արսեն Քարամյանի, մեծ արձագանքներ է ունեցել եւ մինչ այս ծրագրի ավարտը` 2013թ փետրվարը, բնակարան կունենա 1300 երիտասարդ մասնագետ: Այս պահի դրությամբ, բնակարանով ապահովել են 1300-ից 315 ընտանիքի:
Ինչ վերաբերում է մարզերին, ապա Կապանում 335 շահառու կա, այնտեղ հողային աշխատանքների կատարման ժամանակ անհրաժեշտություն է առաջացել լրացուցիչ նախագիծ պատվիրելու, դրա համար էլ ժամանակավորապես շինարարությունը դադարեցվել է:




























