Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ԵՊՀ շրջանավարտների միավորման եւ չինական «Կոյո» ընկերության միջեւ ստորագրվելու է փաստաթուղթ` Սպիտակում վերելակների գործարան բացելու մասին: Այս մասին այսօր` հուլիսի 6-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար, ԵՊՀ շրջանավարտների միավորում հ/կ-ի նախագահ Արսեն Քարամյանը: Դրանից հետո մեկ տարվա ընթացքում Սպիտակում կառուցվելու է վերելակների գործարան, որտեղ, Արսեն Քարամյանի խոսքով, կարող է աշխատել մոտ 130 մարդ, իսկ միջին աշխատավարձը կլինի 160 հազար դրամ:

Գործարանի 70 տոկոսի բաժնետերը կդառնա ճապոնական ընկերությունը, 30 տոկոսինը` ԵՊՀ շրջնավարտների միության «New Techn» դուստր ձեռնարկությունը:

Նա նշեց, որ առաջին երեք տարվա համար ներդրվելու է  5 մլն դոլար: Գործարանի առաջին արտադրանքը նախատեսել են թողարկել  մայիսին:  Արսեն Քարամյանի համոզմամբ, աշխատատեղեր ստեղծելով` կարելի է կանգնեցնել արտագաղթը: «Այն մարդիկ, ովքեր մտածում են, որ դրսում ոսկի են բաժանում, չարաչար սխալվում են, այսօր շատ դժվար է»,- նշեց փոխնախարարը:

«Կոյո»-ն ճապոնական կապիտալով Շանհայում հիմնադրված ընկերություն է, որը հիմնականում իր գործունեությունն է ծավալում ԱՊՀ շուկայում, մասնավորապես Ռուսաստանում: Ընկերությունը 2010 թվականին վաճառել է 50.000 միավոր վերելակ ու շարժասանդուղք: