Արարատի մարզում արդեն հավաքվել է 13 հազ. տոննա ծիրան, առաջիկայում կհավաքվի եւս 10 հազ. տոննա: Այդ մասին այսօր` հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը:

Արտահանվել է 4600 տոննա ծիրան, հիմնականում` դեպի Վրաստան ու Ռուսաստան: Ըստ Է. Բարսեղյանի`արտահանողները ծիրանը ներկայումս մթերում են կգ-ն 500-600 դրամով, իսկ մթերող գործարանները` 100 դրամով: Նախորդ տարվա համեմատ ծիրանի բերքն ավելի է 5-5.5 անգամ: 

Մարզպետի խոսքով, սպասվում է դեղձի ու խաղողի լավ բերք: Ընդհանրապես, տարին նպաստավոր է եղել Արարատի մարզի գյուղատնտեսության համար: Սա առաջին տարին է, երբ կարկուտն ընդհանրապես չի վնասել բերքին: Կարկուտ տեղացել է միայն Խոսրովի արգելոցի տարածքում եւ վնասել ցորենի ոչ մեծ ցանքատարածություններ: Մարզպետի գնահատմամբ` մարզի 45 հակակարկտային կայանները արդյունավետ են աշխատում: 

Մարզպետը խոստացավ ամեն հնարավորն ու անհնարինն անել, որպեսզի խաղողի մթերումներն այս տարի բարեհաջող ընթանան: Հույս է ներշնչում այն, որ Պռոշյանի կոնյակի գործարանը պատրաստակամություն է հայտնել 18 հազ. տոննա խաղող մթերել: Խոշոր մթերումներ կիրականացնի նաեւ Երեւանի կոնյակի գործարանը: Բացի այդ` կգործեն 12 այլ մթերող կազմակերպություններ: