Հարի Փոթերի հայտնի դերակատար Դենիել Ռեդկլիֆը «GQ» -ին տված իր հարցազրույցում խոստովանել է ալկոհոլի նկատմամբ իր հակվածության մասին: Նա ասել է, որ արդեն 18 տարեկանում կախվածություն է ձեռք բերել ալկոհոլից, թեեւ դեռ մեկ տարի առաջ վստահեցնում էր, որ նույնիսկ չի դիպչում խմիչքին:
Ռեդկլիֆը խոստովանել է, որ կցանկանար լինել այնպիսի մեկը, ով կարող է իրեն թույլ տալ երեկույթի ժամանակ մի զույգ կոկտեյլ փորձել եւ միաժամանակ պահպանել լավ ինքնազգացողությունը: «Ես դա անում եմ շատ անհաջող: Ավելի լավ է նստեմ տանը եւ գիրք կարդամ, կամ զրուցեմ մարդու հետ, ում հետ կարելի է լիցքաթափվել...Ոչ մի վատ բան չկա հանգիստ կյանք վայելելու մեջ»,-ասել է դերասանը:
Բացի այդ, նա խոստովանել է, որ քիչ չեն եղել դեպքերը, երբ չարաշահել է ալկոհոլը: Երիտասարդ դերասանն ասել է նաեւ, որ իրեն հաջողակ է համարում, քանի որ ի տարբերություն համաշխարհային ճանչում ունեցող այլ անձանց, պապարացիները երբեք չեն կարողացել իրեն նման նվաստացուցիչ վիճակում նկարել:
Նշենք, որ Դենիել Ռեդկլիֆը նկարահանվել է Հարի Փոթերի մասին առաջին ֆիլմում 9 տարեկանում: Նրա ներկայիս կարողությունը գնահատվում է 72 մլն դոլար:
Հարի Փոթերի մասին ֆիլմի ավարտական մասի պրեմիերան կայանալու է հուլիսի 15 -ին Լոնդոնում:



























