Շտապօգնության մեքենաների վարորդները մեկ հերթապահության համար ստանում են 11 հազար դրամ. ամսական աշխատավարձը կախված է, թե քանի հերթապահություն է ունենում վարորդը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շտապօգնություն ՓԲԸ տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ անդֆրադառնալով Շտապօգնության մեքենաների վարորդների այսօրվա բողոքի ակցիային:

Նշենք, որ վարորդները բողոքում էին ցածր աշխատավարձներից՝ նշելով, որ աշխատանքային գրաֆիկը եւս ծանրացել է:

Թագուհի Ստեփանյանը նկատեց, որ կորոնավիրուսով պայմանավորված հիվանդների սպասարկումը իրականացնում է կովիդի կենտրոնի շտապօգնությունը, դա առանձին հիմնարկ է:

«Վարորդներն այսօր առավոտյան ուղղակի դուրս են եկել ակցիայի, ինձ չեն դիմել, տեղյակ չեն պահել: Այո, մենք միշտ էլ խոսել ենք ցածր աշխատավարձից, մենք էլ համապատասխան տեղյակ ենք պահել մեր վերադասներին, բայց այդ հարցը այսօր լուծելու հարց չի:

Յուրաքանչյուր աշխատակից, երբ ընդունվում է աշխատանքի, ստորագրում է պայմանագիր: Պայմանագրի մեջ նշված է աշխատավարձի չափը, պայմանները եւ գործառույթները, որ նա պետք է իրականացնի: Մարդիկ աշխատանքի ընդունվելիս գիտեն, թե ինչ աշխատավարձով են ընդունվում աշխատանքի: Ամեն մարդ ինքն է որոշում, այդ աշխատանքն իրեն ձեռք է տալիս, թե ոչ»,-ասաց նա:

Թագուհի Ստեփանյանի խոսքով, Շտապօգնության աշխատանքը շատ ծանր եւ բավականին էներգիա է պահանջում, որովհետեւ մարդը չգիտի՝ օրվա մեջ քանի կանչ կարող է սպասարկել, ինչ հիվանդ կարող է սպասարկել: Նրանք առաջնագծում են աշխատում, ինչպես բանակում:

Նա նշեց, որ այսօր 50 շտապօգնության մեքենա է աշխատում, որից 5-ն այս պահին կանգնած է: