Առաջիկա հինգ տարում գինու արտադրությունը նախատեսվում է մի քանի անգամ մեծացնել՝ ներկայիս 12-ից դարձնելով տարեկան 60 մլն լիտր։ Այս մասին այսօր 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Նախարարի խոսքով՝ հանրապետությունում գինու արտադրությունը կարելի է եւ պետք է 5 անգամ ավելացվի։ «Դրա համար կան բոլոր անհրաժեշտ նախադրյալները, եւ նախարարությունը կշարունակի սուբսիդավորել ֆերմերական վարկերը, ինչպես նաեւ կապահովի կաթիլային ոռոգման համակարգերով ոռոգվող նոր խաղողի այգիների հաշվառումը»,-ընդգծեց Քերոբյանը։
Բացի այդ, հաջորդ տարվանից կառավարությունը ֆինանսապես կաջակցի այն ընկերություններին, որոնք իրենց բիզնես գործընթացները բարելավելու համար կսկսեն հրավիրել օտարերկրյա խորհրդատուների։ «Այս ծրագրի բյուջեն դեռ որոշված չէ, սակայն նախարարությունն այսպիսով պատրաստվում է աջակցել մոտ 200 ընկերության։ Խորհրդատուների ներգրավման հարցում աջակցությունը բավականին զգալի կլինի»,-ասաց նախարարը։





























