2022 թվականի պետական բյուջեի նախագծի շրջանակներում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը հատկացվող 21,3 մլրդ դրամից 5,2 մլրդ դրամը կուղղվի պաշտպանության ոլորտում գիտական եւ գիտատեխնիկական հետազոտություններին։ Այս մասին նոյեմբերի 2-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց բարձր տեխնոլոգիաների նախարար Վահագն Խաչատրյանը։
Բացի այդ, բարձր տեխնոլոգիաների եւ թվայնացման ոլորտում կիրականացվի արդյունաբերության, էկոհամակարգի, շուկայի զարգացման եւ թվայնացման ընդհանուր 12,6 մլրդ դրամի ծրագիր։
«ԵՄ համաֆինանսավորմամբ նախատեսվում է իրականացնել թվայնացման 6 միջոցառում՝ 1,7 մլրդ դրամ ընդհանուր գումարով։ Մշակվում են նաեւ թվայնացման ստանդարտներ։ Դրա համար կհատկացվի 105 մլն դրամ»,- հայտնեց նախարարը։
Նրա խոսքով, պետական կառավարման թվայնացումը նախատեսվում է իրականացնել ինստիտուցիոնալ մոտեցմամբ, իսկ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կդառնա թվայնացման իրականացման մասնագիտացված մարմին։
Բացի այդ, Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Առեւտրի եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շրջանակներում կհատկացվի շուրջ 9,7 մլրդ դրամ։
Նաեւ կապի ապահովման, ինչպես նաեւ հեռահաղորդակցության ոլորտում առկա ենթակառուցվածքների հետ կապված ծառայությունների բարելավման համար նախատեսվում է հատկացնել շուրջ 2,5 մլրդ դրամ։





























