Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը 2022 թվականին 335 մլրդ 257 մլն դրամ կհատկացվի։ Այս մասին նոյեմբերի 2-ին 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
22 ծրագրերի շրջանակներում նախատեսվում է իրականացնել 140 միջոցառում։ «Դրանցից 209 մլրդ 594 մլն դրամը հատկացվելու է կապիտալ ծախսերին, իսկ 125 մլրդ 663 մլն դրամը՝ ընթացիկ ծախսերին։ Տրանսպորտի ոլորտի համար նախատեսվում է հատկացնել 116 մլրդ 642 մլն դրամ։ Կիրականացվի 3 ծրագիր՝ 31 միջոցառումով։
Ամենախոշորը «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագիրն է, որի համար կհատկացվի 115 մլրդ 117 մլն դրամ։ Մեկ այլ ծրագրի շրջանակներում նախատեսվում է Թալին-Լանջիկ եւ Լանջիկ-Գյումրի ճանապարհների հատվածների վերակառուցում` երկկողմանի երթեւեկության ապահովմամբ:
Կշարունակվի նաեւ Բագրատաշեն անցակետի մոտ կամրջի կառուցումը, որի համար նախատեսվում է հատկացնել 1.3 մլրդ դրամ։ Շինարարական աշխատանքներ կիրականացվեն նաեւ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման հատվածում»,- հայտնեց Սանոսյանը։





























