2020 թվականին Արցախում պատերազմից հետո մի շարք խնդիրներ են առաջացել։ Այս մասին նոյեմբերի 4-ին «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով քննարկուման ժամանակ ասաց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի աշխատակազմի ղեկավար Լիլիթ Միրզոյանը։
«Վիրավոր զինվորներին պետպատվերով տրվող դեղորայքն այն չէ, ինչ նրանց նշանակել են, եւ ինչի կարիքը նրանք ունեն։ Դեղատոմսով դուրս գրվող դեղերն ավելի թանկ են եւ ավելի արդյունավետ, սակայն պետպատվերը չի փոխհատուցում դեղամիջոցի ծախսերը։ Այժմ խնդիրը լուծում է կենտրոնը՝ դոնորների ֆինանսավորմամբ։ Մենք այս հարցը բարձրացրել ենք կառավարության անդամների առաջ, գործընթացը քննարկման փուլում է»,-ասաց նա։
Ամենամեծ խնդիրն, ըստ նրա, այն է, որ երկրում ենթակառուցվածքները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ «Մյուս խնդիրը բժշկական կենտրոնի բացակայությունն է, որը կարող է հոգեբանական եւ հոգեկան առողջության ծառայություններ մատուցել այդքան մեծ թվով զինվորականներին։ Աշխատանքներ են տարվում համապատասխան բաժին բացելու ուղղությամբ»,-հավելեց Լիլիթ Միրզոյանը։





























