Ծառայողական գործուղումների համար ՀՀ ԱԳՆ ծախսերը, հատկապես արտասահմանյան, 2021 թվականին, 2020 թվականի համեմատ, աճել են շուրջ 5 անգամ։ Այս մասին նոյեմբերի 4-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ դիմելով հանրապետության ԱԳ փոխնախարար Արմեն Ղեւոնդյանին։

Ավելին, պատգամավորի հավաստիացմամբ, 2022 թվականի բյուջեի նախագծում այս միտումը պահպանվել է։

«Հիմա ես նայում եմ գործուղումների ծախսերը եւ տեսնում եմ, որ դրանք 473 միլիոն դրամից դարձել են 2 միլիարդ 489 միլիոն դրամ։ Այս միտումը հաջորդ տարի կպահպանվի»,- ասաց Թեւանյանը։

Ի պատասխան՝ փոխնախարարն ասաց, որ 2020 թվականի համեմատությունն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ նախորդ տարի կորոնավիրուսի պատճառով գործուղումները նվազագույնի են հասցվել։

«Բացի այդ, 2020 թվականից բազմաթիվ միջոցառումներ տեղափոխվել են այս տարի»,- պարզաբանեց Ղեւոնդյանը։