Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ առեւտուրն անընդունելի ցածր մակարդակի վրա է։ Այս մասին նոյեմբերի 4-ին մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նրա խոսքով, այժմ փոխադարձ առեւտրի շրջանառությունը կազմում է տարեկան ընդամենը 10-15 մլն դոլար, ինչը չափազանց քիչ է։

«Այս տարի անցկացվել է միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի մասնակիցները բիզնեսի համար 30-ից ավելի խնդիրներ են հայտնաբերել։ Կողմերն արդեն սկսել են լուծել դրանք։ Հայկական գործարար պատվիրակությունը դեկտեմբերին կմեկնի Ղազախստան։ Բացի այդ, քննարկվում է Ակտաու-Երեւան չվերթների հաճախականության ավելացման, ինչպես նաեւ դեպի Նուրսուլթան եւ Ալմաթի թռիչքների բացման հնարավորությունը»,- ասել է Քերոբյանը։