Տրանսպորտային հաղորդակցությունների ապաարգելափակման արդյունքում Հայաստանի տնտեսությունը կարճաժամկետ հեռանկարում կաճի 30 տոկոսով։ Այս մասին նոյեմբերի 4-ին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
Քերոբյանի խոսքով՝ Համաշխարհային բանկը նույնիսկ ուսումնասիրություններ ունի այս թեմայով, թեեւ որոշ չափով հնացած։ «Էկոնոմիկայի նախարարությունը հանձնարարել է այս ուսումնասիրության նոր տարբերակը, որը պետք է կազմի ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության գիտահետազոտական ինստիտուտը», - հայտնեց Քերոբյանը։
Ինչպես նշեց նախարարը, այս հարցը օգուտի տեսանկյունից կուսումնասիրվի ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ այլ երկրների համար, ինչը կարեւոր փաստարկ կդառնա բանակցային գործընթացի ընթացքում։ «Ուստի պետք է ցույց տալ, թե դա ինչ կտա ոչ միայն մեզ, այլ նաեւ Թուրքիային, Ադրբեջանին, Իրանին, Վրաստանին եւ այլ երկրների։ Դա կօգնի ճիշտ ձեւավորել մեր դիրքորոշումը բանակցային գործընթացում», - պարզաբանեց էկոնոմիկայի նախարարը։





























