Երեւան քաղաքում թափառող շների հիմնախնդրի համար հսկայական գումարներ են տրամադրվում, սակայն խնդիրը շարունակում է արդիական մնալ:
Երեւանի քաղաքապետարանի՝ թափառող շների դեմ պայքարի ծրագրի պաշտոնական տվյալներով, Երեւանում 2006-2010թթ.եւ 2011թ. հունվար-փետրվար ամիսներին (5 տարի 2 ամիս) կատարվել է գործողություն 121.027 շան նկատմամբ, որից 36.127-ը ստերջացվել է, 1.374-ը քնեցվել, 83.526-ը «վնասազերծվել», այսինքն` սատկացվել։ Նման տվյալներ է ներկայացված անգլիական «Փրո Փոուզ» կենդանիների բարեկեցության բարեգործական կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Նարե Արամյանի կատարած հետազոտության մեջ:
Հետազոտության մեջ, մասնավորապես նշվում է.
Վերջին 6 տարվա ընթացքում թափառող շների դեմ պայքար իրականացնելու նպատակով Երեւանի քաղաքապետարանի պատվերով «Յունիգրաֆ-Իքս» ՍՊԸ-ին պետգնումների գործակալության մրցույթով պետական բյուջեից ամեն տարի հատկացվում է 180 միլիոն դրամ (կես միլիոն դոլար)։
«Յունիգրաֆ-Իքս»-ն տվյալներն իր գործունեության վերաբերյալ տեղադրում է www.animalscity.am կայքում։ Տարօրինակ է, որ Երեւանի քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչությունը պարբերաբար հերքում է այդ տվյալներն ու ԶԼՄ-ներին հայտնում, թե իբր իրենք վաղուց լուծել են Երեւանում թափառող շների հիմնախնդիրը, իսկ ներկայում առկա շները մարզերից են եկել մայրաքաղաք:
Չնայած «Յունիգրաֆ-Իքս»-ը պնդում է, թե 2010 թվականից սատկացվելու փոխարեն շները քնեցվում են, սակայն իրենց իսկ պաշտոնական կայքի տվյալները փաստում են հակառակը։ Ի դեպ, Հայաստանում չկա շների քնեցման համար անհրաժեշտ համապատասխան դեղորայք, իսկ այն դեղորայքը, որից օգտվում է «Յունիգրաֆ-Իքս»-ը՝ «լիդոկայինը», տանջամահ է անում կենդանուն։ Ավելին, «Յունիգրաֆ-Իքս»-ը պնդում է, որ շների դիակները թաղումից առաջ մշակվում են «քլորի համապատասխան լուծույթներով», ինչը չի համապատասխանում հակահամաճարագային որեւէ կանոնի եւ անմիջական սպառնալիք է հանրային առողջությանը։
2011թ. հունվար-փետրվար ամիսներին «Յունիգրաֆ-Իքս»-ի ներկայացրած եւ Երեւանի քաղաքապետարանի կողմից ընդունված հաշվետվության հիման վրա հանգում ենք հետեւյալին.
- 2 ամսում 5,603 շուն բռնելու,
- 5,603 շուն զննելու,
- 1,020-ին ստերջացնելու եւ վերադարձնելու,
- 4,583-ին սատկացնելու եւ թաղելու համար
Երեւանի քաղաքապետարանի օբյեկտիվ ռեսուրսներով անհրաժեշտ է՝
- օրական բռնել 93 շուն (օրական անհրաժեշտ է 23 ժամ),
- օրական մակերեսորեն զննել 93 շուն (օրական անհրաժեշտ է 46 ժամ),
- օրական ստերջացնել եւ վերադարձնել 17 շուն (օրական անհրաժեշտ է 25 ժամ),
- օրական սատկացնել եւ թաղել 76 շուն (օրական անհրաժեշտ է 38 ժամ):
Գործողությունների տեւողության հաշվարկը նվազագույնի է հասցված, այսինքն ենթադրվում է անիրականը, այն է՝
- շներին բռնելու ժամանակ օրական մայրաքաղաքի 10 կետում 9-ական շուն պատրաստ սպասում է բռնվելու եւ բռնվելիս էլ որեւէ դիմադրություն չի ցուցաբերում,
- առկա է այսօր Հայաստանում բացակայող համալիր կենդանաբուժական կլինիկա,
- առկա է ներկայում Հայաստանում բացակայող, առավել եւս Երեւանի քաղաքապետարանի եւ դրա պատվիրակատար «Յունիգրաֆ-Իքս»-ի տրամադրության տակ գտնվող ոլորտային առնվազն 100 մասնագետ։
Այդ քանակության շների նկատմամբ օբյեկտիվ պատճառներով գործողություն չէր կարող կատարվել, քանի որ՝
- ժամանակահատվածը կարճ է, անգամ եթե ընդունենք, որ օրը 24-ի փոխարեն ունի 38 ժամ,
- դիակների թաղման համար չկա համապատասխան չափանիշներով տարածք, առավել եւս շների գերեզմանոցին հատկացված,
- բնութագրիչների համաձայն՝ դիրք, կլիմա, սնունդ, բնակչության խտություն, Երեւանի տարածքում այդքան շուն չի կարող լինել,
- եթե պաշտոնական տվյալներն իրական լինեին, ապա այժմ մայրաքաղաքում կլիներ ընդամենը 1,000 շուն, այն էլ ստերջացված, եթե անգամ ներգաղթեին հարեւան հանրապետությունների:-
Երեւանի քաղաքապետարանը ստիպված է բացատրել, թե որտեղ են պետբյուջեից դուրս գրված գումարները, եթե թափառող շների հիմնախնդիրը լուծվելու փոխարեն ավելի է սրվում, կամ ընդունել իր կողմից իրականացվող ծրագրի ապարդյունավետությունը եւ պետական գումարների վատնումը։
Սակայն, ըստ ամենայնի, Երեւանի քաղաքապետարանին ձեռնտու չէ թափառող կենդանիների հիմնախնդրի վերջնական լուծումը, քանի որ այդ պարագայում այլեւս կարիք չի լինի պետական բյուջեից ահռելի գումարներ դուրս գրել այս ոլորտի համար: Փաստորեն, «շնից մազ պոկելն էլ է քյար» գռեհիկ արտահայտությունն այս դեպքում միանգամայն տեղին է»:
«Չենք լռելու» երիտասարդական քաղաքացիական նախաձեռնությունն ակնկալում է այս առնչությամբ ստանալ Երեւանի քաղաքապետարանի հրապարակային պարզաբանումները:




























