Հուլիսի 1-ից Դիլիջանում մեկնարկել է օտարալեզու դպրոցի շինարարությունը` ռուսաստանաբնակ մեծահարուստ Ռուբեն Վարդանյանի ֆինանսավորմամբ: Այդ մասին այսօր` հուլիսի 8-ին լրագրողներին հայտնեց Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը: Նրա խոսքով` դպրոցի շինարարությունը կավարտվի 2013 կամ 2014 թվականին: Դպրոցը նախատեսված է 550 աշակերտի համար, ըստ քաղաքապետի` շատ նման Թաիլանդի թագավորական դպրոցին: «Քաղաքի մեջ մի փոքրիկ քաղաք է լինելու»,- ասաց Ա. Սանթրոսյանը: Դպրոցի շինարարության համար ծախսվելու է 100 մլն դոլար:

Ըստ Սանթրոսյանի` նման դպրոցներն անհրաժեշտ են, որպեսզի հայ երեխաներն ու երիտասարդները չգնան արտասահմաններում գիտելիք ձեռքբերելու:

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ` հուլիսի 14-ին Ռուբեն Վարդանյանն ու Դիլիջանի միջազգային դպրոցի մյուս նախաձեռնողները (Վերոնիկա Զոնաբենդ, Թիմ Ֆլին, Նուբար Աֆեյան) բաց նամակ հղեցին Հանրային խորհրդին, որում  չբացառեցին, որ հասարակական ճնշումները շարունակվելու դեպքում կհրաժարվեն նախագծից: