Թուրքիայում վերջին 5 օրվա ընթացքում 6 կին է սպանվել ամուսինների կամ նախկին ամուսինների ձեռքով, գրում է թուրքական Today`s Zaman-ը:

Կանանց սպանությունների դեպքերը Թուրքիայում, ցավոք, եզակի չեն: Հուլիսի 7-ին Սամսուն քաղաքում Ջեմ Շեն անունով տղամարդը 12 անգամ դանակով հարվածել է կնոջը` կրեդետ քարտում շատ պարտքերի պատճառով: Նրա կինը` 33-ամյա Ֆերիդա Շենը, ում հետ նա ամուսնացել էր 9 տարի առաջ, ստացված վնասվածքներից մահացել է:

Նույն օրը Ադանայում մի կին ընկել է պատշգամբից ու մահացել: Նրա ամուսինը ձերբակալվել է միայն այն բանից հետո, երբ նրանց 4-ամյա երեխան ոստիկանությունում պատմել է. «Հայրիկը հրեց մամային»: Այս դեպքի մանրամասները դեռ հայտնի չեն, սակայն ամուսինը ձերբակալվել է որպես գլխավոր կասկածյալ:

Հուլիսի 9-ին Ստամբուլում սպանվել են մայր եւ որդի: Ըստ նախնական վարկածի, կասկածյալ Շյուքրու Օ.-ն բենզին է լցրել իր նախկին կնոջ` Տուգբու Օ.-ի վրա եւ այրել նրան տան մեջ: Շյուքրուն իրենց  11-ամյա որդու հետ դուրս էր եկել զբոսանքի, վերադարձել, որից հետո էլ տեղի էր ունեցել սարսափելի միջադեպը: 11-ամյա որդին նույնպես մահացել էր, փորձելով փրկել մորը կրակների միջից:

Ընտանեկան բռնության 4-րդ զոհը 4 երեխաների մայր 26-ամյա Մերիեմն է եղել, ով ինքնասպան է եղել` կախվելով Վանի իրենց տանը: Մերիեմին պարբերաբար ծեծել է ամուսինը եւ նա նախկինում եւս ինքնասպանության 3 անհաջող փորձ էր արել:

Մեկ այլ սպանություն է տեղի ունեցել Վանում, այս անգամ Չալդըրանի շրջանում: Ֆարուք Թ.-ն գնդակահարել է կնոջը` Ադալեթ Թ.-ին, երբ վերջինս հեռացել է տնից: Ֆարուքը դեպքի վայրից դիմել է փախուստի եւ մինչ օրս ազատության մեջ է:

Ընտանեկան բռնության զոհ է դարձել նաեւ 24-ամյա Քյուբրա Նուր Շահինը, ում խեղդել է նրա բոյֆրենդը` Ադեմ Ք.-ն` Էլբիստանում գտնվող իր քրոջ տանը: Սպանության պատճառը դեռ անհայտ է:

Այս դեպքերի հետ կապված, Թուրքիայի ընտանիքի եւ սոցիալական քաղաքականության հարցերով նորանշանակ նախարար Ֆաթմա Շահինը շաբաթ օրը հայտարարել է, որ երկրի խորհրդարանը մոտ օրերս կքննարկի մի օրինագիծը, որը  հնարավորություն է տալիս դատարանների կալանավորել բռի ամուսիններին:

Եթե օրինագիծն ընդունվի, բռնության անգամ փոքրիկ կասկածի դեպքում, դա հիմք կհանդիսանա, որպեսզի տվյալ մարդը կալանավորվի: