Ձկան արտադրության եւ արտահանման ոլորտում Հայաստանն ունի տարածաշրջանում ամենազարգացած շուկան: Այդ ոլորտն Ադրբեջանում չի կարող զարգանալ ջրային վատ պայմանների պատճառով: Այս մասին գրում է վրացական The Financial պարբերականը:
«Հայաստանն ավելի զարգացած է ձկան արտադրության տեսանկյունից, քան տարածաշրջանի այլ երկրներ` Վրաստանն ու Ադրբեջանը: Հայաստանը սպառում է 10 անգամ ավելի ձկան կեր, քան` Վրաստանը, այսինքն, այդ երկիրն ունի արտադրության 10 անգամ ավելի մեծ ծավալ»,-հայտարարել է Իրակլի Պատարիան` վրացական ձկան Biomar կերերի բացառիկ ներկայացուցիչ Aquafeed Georgia ընկերության գործադիր տնօրենը:
Հայաստանում գործող շուրջ 200 ընկերություն ներկա դրությամբ զբաղվում են ձկան եւ խեցգետնի արտադրությամբ եւ մշակմամբ: Արտադրանքի տարեկան ծավալը կազմում է շուրջ 5000 տոննա: Հայաստանի համար ամենամեծ շուկան Ռուսաստանն է:




























