Հայտնի է, որ գնաճի պատճառով նույն գումարով հնարավոր է գնել ավելի քիչ ապրանք եւ ծառայություն, քան նախկինում: Հայաստանում գնաճը հավասարեցվում է սպառողական գների ինդեքսին, որը սահմանվում է 470 ապրանքների եւ ծառայությունների գների հիման վրա: Բազմաթիվ անկախ փորձագետներ, նաեւ հասարակությունը ինդեքսը չեն ընդունում որպես բնակչության անապահով խավերի կյանքի իրական թանկացումն արտացոլող ցուցանիշ: Իսկապես, ապրանքների եւ ծառայությունների այդ ցուցակում չես գտնի այնպիսի ապրանքներ, որոնց մասին անապահով ընտանիքները կարող են միայն երազել: Օրինակ` 58,5 միլիոն դրամ ( 63 հազար դոլար) արժողությամբ «Մերսեդես» ավտոմեքենա եւ 58,5 հազար դրամ (158 դոլար) արժողությամբ կարմիր ձկնկիթ: Իսկ անապահով խավերի կենսամակարդակի վրա գնաճի ազդեցությունը հասկանալու համար դիտարկենք կարեւորագույն պարենային ապրանքների գների դինամիկան: Հայերը հաց շատ են ուտում: Այդ պատճառով հացի թանկացումն առաջին հերթին հարվածում է անապահով բնակիչներին:

Ընթացիկ տարվա հունիսին նախորդ տարվա նույն ամսվա գների համեմատ Երեւանում հացը թանկացել է 15 տոկոս: Մեկ կիլոգրամ հացի միջին գինը հասնում էր 459,6 դրամի (մոտ 1,25 դոլար): Կարտոֆիլը նախորդ տարվա համեմատ թանկացել է 80,4 տոկոս` հասնելով 329,5 դրամի (0,89 դոլար):

Տավարի միսը մեկ տարում թանկացել է 17 տոկոս, իսկ միջին գինը հասել է 2511,4 դրամի (6,8 դոլար): Փափուկ մսի կիլոգրամը հասնում է 3647,9 դրամի (9,85 դոլար):

Երեւանում կարագը թանկացել է միջինը 27,8 տոկոս եւ հասել է 382,2 դրամի (ավելի քան 10 դոլար): Թանկացել է նաեւ բուսական յուղը` 27,8 տոկոս: Մեկ լիտր ձեթն արժե 835,4 դրամ (2,3 դոլար):

Խնձորը թանկացել է 2,1 անգամ` կազմելով 1099,6 դրամ (գրեթե 3 դոլար): Բանանն ավելի էժան է` 894,7 դրամ (2,4 դոլար): Մոտ 10 տոկոս էժանացել են սոխը (299,6 դրամ – 0,8 դոլար) եւ լոլիկը (522,6 դրամ – 1,4 դոլար): Սակայն գնաճի ընդհանուր ֆոնին դրանք եղանակ չեն փոխում:

Համեմատության համար բերենք նշված մթերքների գները Եվրոպայի «հարուստ» երկրներից մեկի մայրաքաղաքի սուպերմարկետում: Գները ներկայացնում ենք դոլարով` հուլիսի 9-ի եվրո/դոլար հայաստանյան փոխարժեքով:

Եվրոպական «թանկ» երկրի «թանկ» մայրաքաղաքում կարմիր ձկնկիթի մեկ կիլոգրամն արժե 129 դոլար` 29 դոլար էժան, քան Հայաստանում: Առաջին սորտի հացի կիլոգրամն արժե 1,4 դոլար, բարձր տեսակի հացը` 3 դոլար, ինչը զգալիորեն թանկ է, քան Հայաստանում, սակայն հաշվի առնենք, որ մեր կիլոգրամը նրանց կիլոգրամին զիջում է, իսկ միջին աշխատավարձի հետ համեմատություն անել ընդհանրապես չարժե: Փափուկ տավարի միսը 4 դոլար է թանկ, իսկ կարագն էժան է 3,5 դոլար: Եվրոպայում էժան է նաեւ խնձորը:

Հետաքրքիր է նաեւ այն փաստը, որ դոլարի իրական փոխարժեքը ապրանքների եւ ծառայությունների էտալոնային զամբյուղի համեմատությունն է մեր երկրում եւ ԱՄՆ-ում: ԱՄՆ-ում գնաճը չափազանց ցածր մակարդակի վրա է: Ստացվում է, որ նախորդ մեկ տարում դրամի իրական փոխարժեքը դոլարի նկատմամբ զգալիորեն ընկել է, սակայն պաշտոնական փոխարժեքն այս տարվա մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ նվազել է միայն 2,8 տոկոս: