Եգիպտոսից Իսրայել եւ Հորդանան գազ առաքող կայանում հուլիսի 12-ին ուժեղ պայթյուն է որոտացել: Ինչպես հայտնում է «Վեստի.ru»-ն, ականատեսներից մեկը լրատվամիջոցներին հայտնել է տեղի ունեցածի մանրամասները: Նրա խոսքով, 4 զինված եւ դիմակավորված անձինք հրամայել են պահակներին լքել տարածքը, ռումբ են տեղադրել եւ պայթեցրել կայանը: Պաշտոնական աղբյուրների տվյալներով, պայթյունի արդյունքում զոհեր չկան:

Առայժմ ոչ ոք պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչության համար, սակայն Եգիպտոսի կառավարությունում կարծում են, որ դա ամենայն հավանականությամբ բեդուինների ձեռքի գործն է, եւ նրանք նպատակ են ունեցել խափանել գազի առաքումն Իսրայել:

Սա արդեն երկրորդ ահաբեկչությունն է գազատարի վրա: Նախորդ պայթյունը տեղի էր ունեցել հուլիսի 4-ին: