Հուլիսի 11-ին՝ մինչեւ աշխատանքային օրվա ավարտը, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ նշանակելու համար  ՀՀ նախագահին առաջադրել է հետեւյալ անձանց.

1. Արտակ Մելիքսեթյան
2. Արմեն Սմբատյան  
3. Տաթեւիկ Օհանյան

Արտամրցութային կարգով ընտրված երկու թեկնածուների տարիքը 25-ից բարձր է, նրանք ունեն ընտրական գործընթացներին մասնակցության փորձ եւ երբեք չեն աշխատել Մարդու իրավունքների պաշտպանի հետ նույն վայրում: Նշված անձանց կենսագրությունները հրապարակված են www.pashtpan.am  կայքում:

«Չնայած մրցութով ԿԸՀ անդամ ընտրելու առաջին փորձի որոշ անհարթություններին եւ չնախատեսված խոչընդոտներին, ԿԸՀ-ի նոր անդամ առաջադրելու անհրաժեշտության դեպքերում Պաշտպանը հետագայում եւս կառաջնորդվի մրցութային  կարգով»,- ասված է ՄԻՊ-ի հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն ամփոփել է ԿԸՀ անդամի երեք տեղի համար հայտարարված մրցույթն ու հայտարարել իր թեկնածուներին, որոնց ներկայացնելու է նախագահ Սերժ Սարգսյանին` հաստատելու համար: Թեկնածուներ են ընտրվել Արտակ Մելիքսեթյանը, Աիդա Մուրադյանը եւ Ռոզա Ստեփանյանը:

23-ամյա Աիդա Մուրադյանն ու 25-ամյա Ռոզա Ստեփանյանը հուլիսի 11-ին ինքնաբացարկ էին հայտնել եւ ՄԻՊ-ը ստիպված էր շատ արագ երկու այլ թեկնածուների ներկայացնել:

Ընտրական օրենսրգքի փոփոխությունների համաձայն, ԿԸՀ երեք անդամ նշանակվում է օմբուդսմենի առաջարկությամբ, 2-ին նշանակում է Փաստաբանների պալատը, եւս 2-ին` Վճռաբեկ դատարանը: Գործող ԿԸՀ-ի լիազորությունները կավարտվեն հուլիսի 14-ին: