Թբիլիսիում հուլիսի 12-ի երեկոյան խորհրդարանի շենքի առջեւ անցկացվել է բողոքի ակցիա` ի պաշտպանություն Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող ֆոտոթղթակիցների:

Ինչպես հաղորդում է «Նովոստի Գրուզիան», մոտ 100 լրագրողներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ իշխանություններից պահանջել  են «ֆոտոթղթակիցների գործից» հանել գաղտնիության մակագիրը եւ հրապարակել նրանց մեղքն ապացուցող կոնկերտ փաստեր: Ակցիայի մասնակիցները կրել են «Ով է հաջորդը» եւ «Հանեք գաղտնիության մակագիրը» կարգախոսներ:

Ակցիան ուղեկցվել է մասնակիցների սուլոցներով: «Հնարավոր է, մենք սուլոցի միջոցով կարողանանք  մեր ձայնը հասցնել իշխանություններին, եւ նրանք վերջապես կբացատրեն, ինչում են մեղադրում մեր գործընկերներին», -բացատրել է «Ռեզոնանսի»  թերթի խմբագիր Լաշա Տուգուշին:

Հիշեցնենք, որ սա ոչ առաջին ակցիան է ի պաշտպանություն ֆոտոթղթակիցների: Ինչպես հաղորդել էր NEWS.am-ը, 4 ֆոտոթղթակիցներ` եվրոպական EPA ֆոտոգործակալության թղթակից Զուրաբ Կուրցիկիձեն, Վրաստանի նախագահի մամուլի ծառայության ֆոտոթղթակից Իրակլի Գեդենիձեն, նրա կինը` լուսանկարիչ Նատիա Գեդենիձեն եւ ԱԳՆ-ի հետ պայմանագրով աշխատող լուսանկարիչ Գեորգի Աբդալաձեն ձերբակալվել էին հուլիսի 7-ին: Նրանց առաջադրվել է Ռուսաստանի օգտին լրտեսության մեղադրանք: