Երեկ Բեռլինում ու Նոթինգհեմում սկսվել է Super Six հեղինակավոր մրցաշարը, որին մասնակցում են 6 ուժեղագույն բռնցքամարտիկներ` 76,2 կգ քաշային կարգում:

Այդ մրցաշարի շրջանակներում երեկ IBF վարկածով աշխարհի նախկին չեմպիոն, Գերմանիան ներկայացնող հայազգի Արթուր Աբրահամը հանդիպել է ամերիկացի Ջերմեյն Թեյլորի հետ: Մրցամարտի սկզբում, թվում էր, թե ոչինչ չի սպառնում ամերիկացի բռնցքամարտիկին: Հայ բռնցքամարտիկն սկսեց բավականին հանդարտ, աստիճանաբար ավելացնելով իր առավելությունը: Արթուրն իր գործողություններով եւ տեղափոխություններով հյուծեց Թեյլորին եւ վերջին` 12-րդ ռաուդի վերջնամասում, երբ մնացել էր ընդամենը 12 վայրկյան, նա նոկաուտի ենթարկեց ամերիկացուն:

Մարտից հետո Աբրահամն ասել է. «Ինձ պետք եղավ մի քանի ռաուդ մրցակցիս ուսումնասիրելու եւ նրա ոճը հասկանալու համար, որից հետո ես անցա հարձակման: Ես ձգտում էին հատկապես այսպիսի հաղթանակի` վստահ ու վառ»: Ջերմեյն իր հերթին, անկեղծորեն խոստովանել է. «Ես այսօր արտակարգ մարզավիճակում էի, բայց Արթուրը շատ ուժեղ էր, ես պետք է խոստովանեմ դա եւ արժանին մատուցեմ նրան»:

Նշենք, որ Թեյլորը այս քաշային կարգի չեմպիոնն էր բոլոր 4 վարկածներով: Ինչ վերաբերում է Նոտինգհեմի մարտին, ապա այստեղ բրիտանացի Կարլ Ֆրոհը միավորներով հաղթել է ամերիկացի Անդրե Դիրելին եւ պահպանել WBC վարկածով աշխարհի չեմպիոնի կոչումը: