Լոռիի մարզպետ Արամ Քոչարյանը հուլիսի 11-ին աշխատանքային խորհրդակցության ժամանակ իր աշխատակիցներին հայտնել է, որ մեկ ամսով մեկնում է արձակուրդի, իսկ հրաժարականի դիմումի մասին որեւէ բան չի ասել: Այս մասին այսօր` հուլիսի 13-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Լոռիի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Սամվել Խալաթյանը: Նա նաեւ մամուլում նշել էր, թե մարզպետի հրաժարականի մասին լուրերին պետք չի հավատալ:

Հարցին, թե հիմա դուք հերքո՞ւմ եք մարզպետի հրաժարականի մասին լուրը, նա պատասխանեց. «Ես այնքան գիտեմ, որքան մամուլում գրված է»: Ս. Խալաթյանը նշեց, որ տեղյակ չէ նաեւ, թե արդյոք մարզպետը խաբե՞լ էր վարչապետին` ասելով, թե գնում է Սանկտ-Պետերբուրգ, բայց գնացել է Վրաստան:

Սամվել Խալաթյանը նշեց, որ մարզպետն այժմ Վանաձորում է:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների` մարզպետի հավանական թեկնածուներ են համարվում ՀՀԿ-ական նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը, Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամ Վահրամ Բաղդասարյանը եւ ոստիկանության Լոռիի մարզային վարչության պետ Անուբախ Համբարյանը:

Մամուլում շրջանառվում է նաեւ Սամվել Խալաթյանի անունը, ինչին վերջինս արձագանքեց. «Ինչ-որ մեկը չար կատակ է արել»:

«Ես դրամատուրգ եմ, գրող եմ եւ իմ նյութի համար ստացած 3000 դրամ հոնորարը ավելի եմ գերադասում, քան այն տաժանակիր գործը, որ մարզպետն է անում եւ 300 հազար դրամ է ստանում»,- նշեց նա:

Ավելի վաղ վարչապետի օգնական Արամ Անանյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնել էր, որ Լոռիի մարզպետ Արամ Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: Ըստ նրա, Արամ Քոչարյանը հրաժարականի դիմումի հետ միասին ներկայացրել է նաեւ արձակուրդ գնալու դիմում, ուստի հրաժարականի հարցը կառավարությունում կքննարկվի արձակուրդից նրա վերադառնալուց հետո:Արամ Քոչարյանը արձակուդից կվերադառնա մեկ ամսից: