Ավստրալացի հինգ դպրոցականներ մահացել են՝ ընկնելով տասը մետր բարձրությունից, երբ ուժեղ քամին քշել է փչովի ամրոցը, որի վրա նրանք խաղալիս են եղել։ Եւս չորս երեխաներ ծանր վնասվածքներ են ստացել եւ ծանր վիճակում գտնվում են հիվանդանոցում։ Ողբերգությունը տեղի է ունեցել այս տարվա վերջին ուսումնական օրը, հայտնում է BBC-ն։

Թասմանիա կղզու Դեւոնպորտ փոքրիկ քաղաքի Հիլկրեստի տարրական դպրոցի ուսուցիչներն ու երեխաները որոշել են ուսումնական տարվա ավարտը դպրոցական դաշտում նշել։ Դրա համար այնտեղ տեղադրել են հսկայական փչովի ամրոց եւ փուչիկներ նախատեսված զորբինգի համար՝ էքստրեմալ ատրակցիոն, երբ մարդը թեքահարթակից վազում, լողում կամ գլորվում է թափանցիկ փուչիկի մեջ:

Ողբերգությունը տեղի է ունեցել առավոտյան։ Դպրոցականները՝ հիմնականում 10-12 տարեկան երեխաներ, վազվզել են փչովի ամրոցի վրա, երբ քամու ուժգին պոռթկումն այն պոկել է տեղից։ Ինը երեխաներ ընկել են մոտ 10 մետր բարձրությունից։ Բառացիորեն մի քանի րոպե անց ողբերգության վայր են ժամանել արտակարգ ծառայությունների աշխատակիցները, սակայն ամենածանր վնասվածքներ ստացած երեխաներին չի հաջողվել փրկել։